ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացավ «Գիտություն և մոտիվացիա» խորագրով  «Artsakh STEM Expo 2023»-ը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացավ «Գիտություն և մոտիվացիա» խորագրով  «Artsakh STEM Expo 2023»-ը

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում կայացավ «Գիտություն և մոտիվացիա» խորագրով  «Artsakh STEM Expo 2023»-ը՝ գիտությամբ հետաքրքրված պատանիներին ու երիտասարդներին առաջարկելով գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում հետաքրքիր ճամփորդություն:  

Անկախ շրջափակման պատճառով առաջացած խնդիրներից՝ STEM-ցիներին հաջողվեց իրագործել «Artsakh STEM Expo 2023»-ը՝  հավաքելով  ամենապայծառ մտքերն ու համախմբելով ամենահամարձակ մտածողներին:

Բացման արարողությանն Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ողջունելով մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ կարևորել է մեր օրերում գիտության, նորագույն տեխնոլոգիաների դերը:

«Գիտությունն ու տեխնիկան զարգանում են խելահեղ արագությամբ, և մենք պիտի աշխատենք հետ չմնալ մեր առջև ծառացած մարտահրավերներից: Առանձնապես այս ծանր ժամանակահատվածում, գտնվելով լիակատար շրջափակման պայմաններում՝  պետք է ցանկացած  միտք, ցանկացած  գաղափար ներդնենք Արցախի զորացման համար: Սա այն բարենպաստ հարթակն է, որտեղ կարող ենք գեներացնել մեր գաղափարներն ու մտահղացումները և առաջ մղել գիտության զարգացումն Արցախում»,- իր խոսքում նշել է Ն. Մկրտչյանը:

Էքսպոն նպատակ ունի դպրոցականների և ուսանողների շրջանում մեծացնել հետաքրքրությունը STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա և մաթեմատիկա) ոլորտների նկատմամբ, ստեղծել կրթության զարգացման և առաջընթացի համար անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ:

Բացման արարողությանը հաջորդեց պանելային քննարկումը՝ «STEM-ը կյանքում և բիզնեսում» թեմայով, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան կրթության անսահման հնարավորությունների, ոլորտում երիտասարդ մտքերի ներուժի, նորարարության մասին հարցերին: Որպես բանախոսներ հանդես եկան Շուշիի տեխնոլոգիական  համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դեկան Մանուշակ Տիտանյանը, «GG» ընկերության հիմնադիր-տնօրեն Խաչատուր Գրիգորյանը, «Կապիտալ Սոֆթ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արթուր Մնացականյանը: 

STEM Expo-ի շրջանակում  կազմակերպվեցին  գիտական,  տեխնոլոգիական, ինժեներական ցուցահանդես և STEM գաղափարների մրցույթ:  Մասնակիցներն ունեցան STEM talk-եր` գիտական, ինժեներական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների խոսնակների փորձի փոխանակում։

Արցախցի պատանիների համար STEM-ը դարձել է մի հարթակ, որտեղ  հնարավորություններն անսահմանափակ են, երազանքներն էլ իրականանալու միտում  ունեն:

STEM գաղափարների մրցույթում լավագույնը ճանաչված «Ֆիզիկ», «Լույս», «Հեռանկար», «Հիմունք» թիմերի առաջարկած գաղափարների իրագործման դեպքում մենք կունենանք բացատրող ռոբոտ, երիտասարդական կենտրոն Մաղավուզում և Ճանկաթաղում, ինչես նաև այլընտրանքային էլեկտաէներգիայի աղբյուր: Գաղափարների մրցույթում  հաղթող թիմերն արժանացել են դրամական պարգևների, իսկ գաղափարներն իրագործելու համար թիմերի հետ աշխատելու են փորձառու  քոուչներ և մենթորներ: