ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են արցախյան մարզաշխարհի առաջին կիսամյակի արդյունքները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել են արցախյան մարզաշխարհի առաջին կիսամյակի արդյունքները

Արցախի շրջափակման պատճառով առաջացած խնդիրներն ու սահմանափակումներն ուղղակիորեն ազդել են նաև սպորտի բնագավառի վրա։  Անհամեմատ նվազել է տեղական մարզական միջոցառումների թիվը, անհնարին է դարձել արտերկրում կայանալիք մրցաշարերին մեր մարզիկների մասնակցությունը։

2023 թվականի 1-ին կիսամյակում արցախցի մարզիկները մասնակցել  են ինչպես Արցախում կազմակերպված մրցաշարերին, այնպես էլ ՀՀ-ի, միջազգային և Եվրոպայի առաջնություններին: ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության և հանրապետությունում գործող ֆեդերացիաների կողմից անցած ամիսներին անց է կացվել թվով 13 տեղական մարզական միջոցառում, որոնց 1105 մարզիկ է  մասնակցել։

Արցախից 5 մարզիկ մասնակցել է Եվրոպայի առաջնություններին՝ նվաճելով մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ։

Միջազգային մրցաշարերի մասնակից 6 մարզիկներից մեկը արծաթե մեդալով է վերադարձել։  

Արցախից 7 մարզիկ մասնակցել է  Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված 5 մարզական միջոցառումների։ Նրանցից 4-ը գրավել է առաջին, 2-ը՝ երրորդ տեղ։

Ընդհանուր առմամբ՝ 18 մարզիկ մասնակցել է ՀՀ, Եվրոպայի և միջազգային մրցաշարերին՝ գրավելով 5 առաջին, 1  երկրորդ և 3 երրորդ մրցանակային տեղեր:

5 մարզիկ նախորդ 6 ամսվա ընթացքում մասնակցել է ՀՀ ուսումնամարզական հավաքների, 2 մարզիչ Իսրայելի Հայֆա քաղաքում  մասնակցել է սամբոյի մրցավարական սեմինար-պարապմունքներին:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ՀՀ առաջություններին և միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորություն են   ունեցել միայն այն մարզիկները, որոնք ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ժամանակավորապես գտնվում են   Հայաստանի Հանրապետությունում։

     2023թ․ առաջին կիսամյակի ընթացքում լավագույն արդյունքներ են ցուցաբերել  Արման Ավանեսյանը (1-ին տեղ, մարտական սամբոյի Եվրոպայի առաջնություն, 98կգ քաշային կարգ, ապրիլի 14-ից 26-ը, Իսրայել, ք․Հայֆա) և Էրիկ Առստամյանը (3-րդ տեղ, երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն, ապրիլի 23-ից մայիսի 4-ը, ՀՀ, ք․Երևան)։