ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արիության դաս` նվիրված Մայիսյան եռատոնին – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արիության դաս` նվիրված Մայիսյան եռատոնին

Այսօր՝ մայիսի 8-ին, Արցախի պետական համալսարանում անց է կացվել Արիության դաս, որը վարում էին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը:

«Սխալ է այն տեսակետը, որ Մայիսի 9-ը այլևս չունի այն նշանակությունը, ինչ ունեցել է նախկինում, քանզի Մայիսի 9-ի հաղթանակների շնորհիվ է, որ այսօր մենք կանք, ապրում և արարում ենք Արցախում»,-ողջունելով ներկաներին՝ նշեց ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Ընդգծելով Մայիսյան եռատոնի խորհուրդը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանն անդրադարձավ մեր առջև ծառացած դժվարությունների ու մարտահրավերների հաղթահարմանը:

«Մեր անհաջողությունների հաղթահարման բանալին առավելապես գտնվում է մեր գաղափարակիր երիտասարդության ձեռքին, որը իր մտքի, ոգու ուժով և համազգային գաղափարի շուրջ համախմբվելով՝ ոչ միայն կարող է հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները, այլև ի զորու է մեր ազգին և հայրենիքին պարգևել հաղթական նոր եռատոներ, նորից վերականգնել ու հզորացնել մեր պետականության հիմքերն ու վերադարձնել կորցրածը»,-իր խոսքում նշեց Նորայր Մկրտչյանը:

ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանն առանձնացրեց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ տարվող քաղաքականությունը: Սերգեյ Առստամյանի խոսքով՝ բոլորիս կարողությունների առավելագույն ներդրման, ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ միայն կարող ենք հաղթահարել առկա անվտանգային մարտահրավերները: