ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդության հարցերի բաժինը հանդիպում-քննարկումների շարք է նախաձեռնել – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդության հարցերի բաժինը հանդիպում-քննարկումների շարք է նախաձեռնել

Մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում երիտասարդության ձայնն ու դիրքորոշումը  լսելի դարձնելու նպատակով Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժինը ԱրՊՀ-ի աջակցությամբ  հանդիպում-քննարկումների շարք է նախաձեռնել:

«Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվահոգեբանական քարոզչության դեմ պայքարի ուղիները» խորագրով հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ մայիսի 4-ին, որին մասնակցում էին Արցախում գործող բոլոր բուհերի ուսանողներն ու ավագ դպրոցների աշակերտները:

«Ժամանակակից աշխարհում տեղեկատվությունը և հոգեբանությունը միաձուլվել և դարձել են  ներազդեցության հզոր գործիք, որի միջոցով թշնամին ամենօրա ռեժիմով ձգտում է ազդել մեր բնակչության վրա՝ փորձելով անորոշություն, հուսահատություն, ընկճվածություն ստեղծել»,- ողջունելով ներկաներին՝ նշեց  ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:

ԱրՊՀ ուսանողները հանդես եկան ելույթներով՝ քննարկվող թեման ներկայացնելով լրագրության, հոգեբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից։

Իսկ մայիսի 5-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպված հանդիպում-քննարկումը «Հայկական պատմամշակութային ժառանգությունը օկուպացված տարածքներում և արդի մարտահրավերները» խորագիրն էր կրում:

Հանդիպմանը ԱՀ  ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանն ու ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը  ուսանողներին ներկայացրին պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներն ու արդի մարտահրավերները:

«Թշնամու պայքարի գործիքներից մեկն էլ մեր մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումն  է: Այս ծանր իրավիճակից դուրս գալու ելքը բոլորիս ձեռքերում և տիրույթում է, ըստ այդմ՝ լուծման ուղիներ պետք է փնտրենք միասին,  իսկ մարտահրավերները հաղթահարելու  համար պետք է բավարար պատրաստվածություն ունենանք: Մեր հիմնական զենքը պետք է գիտելիքը լինի»,- համոզված է ԱՀ  ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը:

Երկօրյա հանդիպումները ուսանողների համար կարևոր խնդիրների մասին խոսելու, քննարկելու, եզրահանգումներ անելու հնարավորություն էր:

Կազմակերպիչների խոսքով՝ նման ձևաչափով հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: