ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

Այսօր՝ ապրիլի 25-ին, Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի Հանրապետության ուսումնական հաստատությունների նախազորակոչային տարիքի պատանիների միջև «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը:

Ամենամյա բնույթ կրող ու տարիների ընթացքում ավանդույթներ ձևավորած «Արծվիկ» ռազմամարզական խաղերը դպրոցականների մոտ  ռազմական գործի հանդեպ սեր դաստիարակելու և հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստելու նպատակ ունեն:

 «Ձեզանից յուրաքանչյուրն իր ակտիվ մասնակցությամբ կարող է իր լուման ներդնել մեր հայրենիքի պաշտպանության սուրբ  գործին, քանի որ նմանատիպ խաղերի միջոցով կոփում ենք մեր կամքը, զարգացնում ֆիզիկական ունակությունները, մասնագիտական հմտությունները, ռազմական գործի տիրապետման աստիճանը հասցնում ավելի բարձր մակարդակի: Հավատեցեք, որ մեր ապագա հաղթանակները կերտվում են նաև նմանատիպ միջոցառումների արդյունքում»,- ողջունելով արծվիկներին ու կազմակերպիչներին՝ ելույթի իր խոսքում նշեց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության ՆԶՊ և ԱԾ վարչության նախնական զինվորական պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանի խոսքով՝ 2022-2023 ուսումնական  տարվա «Արծվիկ» ռազմամարզական խաղերի նշանակությունն ավելի է շեշտադրվում: Միջոցառումը կոչված է ձևավորել հայրենասիրական որակներ, արմատավորել ամուր  գիտակցական կարգապահություն, առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում հետպատերազմյան այս ծանր շրջանը միասնական ուժերով հաղթահարելու գաղափարը:

Բացման արարողության ժամանակ «Արծվիկ» ռազմամարզական խաղերի դերը կարևորել, արծվիկներին հաղթանակներ է մաղթել Արցախի Հանրապետության ՊԲ բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետի պաշտոնակատար, փոխգնդապետ Մհեր Դանիելյանը:

Ռազմամարզական խաղերն անց են կացվում երկու փուլով՝ շրջանային(քաղաքային)  և հանրապետական: Հանրապետական առաջնությանը մասնակցում են շրջանային և քաղաքային փուլերում հաղթող ճանաչված ջոկերը:

Ստեփանակերտի Վ․Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցի աշակերտուհի Արգինե Գրիգորյանն առաջին անգամ է մասնակցում ռազմամարզական խաղերին: Նրա կարծիքով՝ սա այն եզակի ստուգատեսներից է, որ թույլ է տալիս բացահայտելու մեր ներուժը և ուղենշելու նոր ծրագրեր՝ առավելագույնին հասնելու համար: «Մեզ համար բախտորոշ այս ժամանակահատվածում «Արծվիկի» ներկայությունն այսուհետ ավելի կգնահատվի և կարժևորվի, քանզի եթե թշնամին հարյուրամյակներով նույն վայրագ վարքագծի կրողն է, ուրեմն սուրդ միշտ սրված պիտի լինի, միտքդ՝ արթուն, իսկ ոգիդ՝ պինդ»: 

Ռազմամարզական խաղերին այս տարի 9 թիմ է մասնակցում: Առաջիկա 3 օրերին պատանի արծվիկներն իրենց ուժերը կփորձեն  հրաձգություն, ֆիզիկական պատրաստություն, շարային պատրաստություն, քաղպաշտպանություն, ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում և պահեստատուփի լիցքավորում մրցաձևերում: