ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է սիրված բանաստեղծ Վարդան Հակոբյանը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է սիրված բանաստեղծ Վարդան Հակոբյանը

75 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ է տվել անվանի ու սիրված բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գրողների միության նախագահ,  Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ  Վարդան Հակոբյանը:

Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի N152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում։

 Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից։ Դպրոցական տարիներին զգաղվում էր նաև գեղանկարչությամբ:

 Բաքվի N 152 դպրոցում սովորելու ժամանակ, 9-րդ դասարանում, կոմերիտմիությունից հեռացնում են Վ. Հակոբյանին՝ նրան մեղադրելով «շիրազյան ազգամոլության» մեջ: Ազերական հավատաքննիչների ճնշման տակ Վ. Հակոբյանը ստիպված տեղափոխվում և ուսումը շարունակում է հայրենի շրջանի Հին Թաղեր գյուղում։

1965թ. բանաստեղծություններն ուղարկում է Շիրազին, ստանում նրա քաջալերանքը և կնքվում Վարդան Հակոբյան (անձնագրային անունը՝ Սլավիկ) գրական անվամբ։

60-ական թվականներին, դեռևս ուսանող, աշխատում է (երկու տարի) Բաքվի 26 կոմիսարների անվան մշակույթի հայկական տանը՝ որպես ասմունքող։
1969թ. ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցնում Ստեփանակերտում՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ՝ որպես գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։

1983 թվականից Արցախի գրողների միության նախագահն է եղել:

Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ ղեկավարել է ԼՂ մարզային խորհրդի (1988թ.) պատմական նստաշրջանի անցկացման աշխատանքները։

Ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի անդամ։

Արցախյան թեմի կողմից հայոց ազգային-եկեղեցական ժողովի պատգա­մա­­վոր է ընտրվել և 1995թ. Սուրբ Էջմիածնում մասնակցել կաթողիկոսական ընտրություններին։

Արցախյան համազգային շարժման ղեկավար մարմնի՝ «Կռունկի» ստեղծման օրից նախագահի տեղակալն է եղել։

Արցախյան համազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչ էր։ Ղեկավարել է Արցախը մայր Հայաստանին միացնելու համար Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը։

Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը-Պուղի», «Հարություն», «Նարեկ», «Դպրատուն» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը։

Յոթ տասնյակից ավելի բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական ժողովածուների հեղինակ է:  

Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն) հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում։

Վ.Հակոբյանի ստեղծագործությունների մասին տպագրվել են մենագրա­կան մի շարք աշխատանքներ (Ս. Սարինյան, «Բանաստեղծի հայտնությունը», Ս. Խանյան, «Ցավի և սիրո պոեզիան», Տ. Սողմոնյան, «Վարդան Հակոբյանի պոեզիայի գեղագիտական համակարգը», «Տաճարի ճանապարհին կամ մենարանի ուխտավորը» և այլն)։

Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, վրացերեն, բուլղարերեն, անգլերեն և այլ լեզուներով:

ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է։

Վ. Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր է (թեման՝ «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները»), պրոֆեսոր։

Երկար տարիների բուհական-մանկավարժական աշխատանքի փորձ ունի, հայ գրականության և մշակույթի պատմություն, գրականության տեսություն է դասավանդել Արցախի պետական համալսարանում։

1996 թվականին հիմնել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանը և ղեկավարել այն։

Իր ստեղծագործությունների համար արժանացել է ՀՀ նախագահի, ՀԳՄ «Գրական թերթի», Ավ. Իսահակյանի անվան, ԼՂՀ Եղիշեի անվան, համահայկական «Վահագն» և այլ մրցանակների։

Վ. Հակոբյանը պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ», «Մեսրոպ Մաշտոց», «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն Արցախի քաջորդիներին», ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», ինչպես նաև միջազգային մեդալներով` Ֆ. Նանսենի, Մ. Շոլոխովի և այլն, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհավորագրերի։

Հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վ. Հակոբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ Նա ԱՀ գիտության վաստակավոր գործիչ է։

«Այսօրը խոսում է երեկվա հետ՝ վաղվա լեզվով». Վարդան Հակոբյան բանաստեղծը, արձակագիրը, մտավորականը, գիտնականը, արցախցին իր գործունեությամբ մշտապես եղել է Արցախի համար կարևոր իրադարձությունների խաչմերուկում՝ իր ժողովրդի հետ, կողք-կողքի ապրելով ներկան, արժևորելով անցյալը, ամուր հիմք շաղախելով վաղվա օրվա ու Արցախի լուսավոր ապագայի համար:

Սուրբ հողի, սիրասուն հայրենիքի ու հերոսական ժողովրդի հանդեպ նրա սիրո, պարտքի ու պատկառանքի լավագույն դրսևորումը, թերևս, Արցախի հիմնի բառերն են: Իսկ նոր սերնդի և երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության ամբողջացումը կրթօջախի հիմնումն էր, որտեղ կրթվել ու դեռ կրթվելու են հայրենիքին ծառայելու պատրաստ սերունդներ:

«…Մնում է նա, ով մնում է՝ անկախ նրանից՝ գնացած է, թե մնացած». Վարդան Հակոբյանը մնալու է իր ժողովրդի սրտում ու հուշերում՝ իր թողած հսկայական գրական ժառանգությամբ, պայքարող ու ամուր արցախցի մտավորականի իր կերպարով:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում  սիրված գրողի հարազատներին, մերձավորներին ու արցախցիներին  անդառնալի կորստի կապակցությամբ: