ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում նշել են Մայրենիի միջազգային օրը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում նշել են Մայրենիի միջազգային օրը

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս առիթով Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի լեզվի տեսչության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անց է կացվել Մայրենիի միջագային օրվան նվիրված մրցույթ, որին մասնակցում էին Արցախի հանրակրթական դպրոցների 1-9-րդ դասարանների աշակերտներից բաղկացած թիմեր:

Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, գերատեսչության անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Մայրենիի օրն Արցախում նշվում է 2005 թվականից: Այն դպրոցականների շրջանում գիտելիքների ամրապնդման, գրականության և արվեստի միջոցով լեզվի հանդեպ սեր դաստիարակելու նպատակ ունի: Արտակ Ղուլյանի խոսքով՝ Մայրենիի օրը արժանվույնս նշվում է ամեն տարի, քանզի Արցախում յուրաքանչյուրը գիտակցում է՝ ինչ դեր  ունի հայոց լեզուն հայ մարդու, մասնավորապես՝ արցախցու կյանքում, հատկապես հետպատերազմյան ու շրջափակված Արցախում: Այստեղ մնալը, արարելը, մեր գալիք օրը կառուցելն անհնար է առանց մայրենի լեզվի դերի գիտակցության: 

Արցախցի դպրոցականները մայրենի լեզվի հանդեպ իրենց հարգանքն ու սերը  մրցույթի ընթացքում արտահայտեցին ասմունքի, երգ ու պարի, ինչպես նաև նախընտրած որևէ գրական ստեղծագործության վերլուծության միջոցով: Հանձնաժողովի որոշմամբ՝ յուրաքանչյուր անվանակարգից մեկ մասնակից է հաղթող ճանաչվել։

<<Երգ>> անվանակարգում լավագույն կատարող է ճանաչվել Ստեփանակերտի Ե․Չարենցի անվան հ․7 հիմնական դպրոցի աշակերտ Կառլեն Բաղրյանը։

Գրական ստեղծագործության վերլուծության համար առաջին տեղում Ե․Չարենցի անվան հ․7 հիմնական  դպրոցի աշակերտ Աննա Ասծատրյանն է։

 <<Պար>> անվանակարգում առաջին տեղում Շուշիի Խ․ Աբովյանի անվան դպրոցի աշակերտուհի Սուսաննա Ասրյանն է։

Մրցույթի լավագույն ասմունքող է ճանաչվել Ասկերանի Է․ Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Կարոլինա Սարգսյանը։

Մրցույթում հաղթող ճանաչված աշակերտները պարգևատրվել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության առաջին կարգի դիպլոմով և ստացել  դրամական մրցանակներ։ Կազմակերպիչների խոսքով՝ առաջիկայում առանձին ծրագիր է նախատեսվում նաև ավագ դպրոցների, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնարանների համար: