ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առարկայական վերապատրաստումներին մասնակցած ուսուցիչները հավաստագրեր են ստացել – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առարկայական վերապատրաստումներին մասնակցած ուսուցիչները հավաստագրեր են ստացել

ԱՀ ԿԳՄՍ նախարարության և «Էպիկենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը անց են կացվել առարկայական վերապատրաստման դասընթացներ «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն»,  «Տարրական կրթություն և մեթոդիկա»  առարկաներից:  Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, դասընթացներին մասնակցած շուրջ 330 ուսուցչի   վկայագրեր և հավաստագրեր են հանձնվել:

Շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին անբասիր և համբերատար աշխատանքի համար՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանն իր խոսքում նշեց. «Վերապատրաստված ուսուցիչներ ունենալը շատ կարևոր գործոն է կրթության որակի բարելավման գործում: Մի բան է, երբ ուսուցիչն ինքն է ձգտում  կատարելագործման, այլ բան է, երբ այդ գործընթացն իրականացվում է պետության կողմից՝  համակարգված և հետևողական»:

Երկշաբաթյա դասընթացների ժամանակ  ուսուցիչները յուրաքանչյուր առարկայից 110 ժամ վերապատրաստում են անցել:  Բացի մասնագիտական, մեթոդական և հետազոտական դասընթացներից, ուսումնասիրել  են նաև «Ներառական կրթություն», «Օրենքներ», «Տարիքային հոգեբանություն», «Արժեքներ և դիրքորոշում» և այլ առարկաներ:

Կազմակերպիչներն ի սկզբանե արցախցի ուսուցիչներից վերապատրաստող խումբ ստեղծելու նպատակ ունեին:  Եվ նախադեպն արդեն կա:

«Էպիկենտրոն» ՀԿ-ի հիմնադիր  Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ դասընթացների առաջին փուլում ակտիվությամբ, մասնագիտական կարողություններով առանձնացած  ուսուցիչները հնարավորություն ունեցան երկրորդ փուլում վերապատրաստումներին մասնակցել  որպես դասընթացավարներ:

«Արցախցիներիս համար այս շրջադարձային ժամանակներում «Էպիկենտրոն» ՀԿ-ն իրականացնում է կարևոր առաքելություն: Այս վերապատրաստումը նոր հնարավորությամբ, նոր ոգով աշխատելու  է մղել մեզ»,-ասում է Կաղարծու միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Մովսեսյանը:

Համագործակցելու և ծրագրին աջակցելու համար «Էպիկենտրոն» ՀԿ-ի կողմից շնորհակալագրեր են ստացել Արցախի կրթության գերատեսչության ներկայացուցիչները: