ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի ուղերձը կամավորների միջազգային օրվա առթիվ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի ուղերձը կամավորների միջազգային օրվա առթիվ

ԱՀ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանն ուղերձ է հղել Կամավորների միջազգային օրվա առթիվ, որում ասված է․

«Սիրելի՛ կամավորներ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից շնորհավորում եմ ձեզ Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Այս տոնը հնարավորություն է՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, որոնք գործում են անշահախնդրորեն օգնելու և իրենց օրինակով ուրիշներին ոգևորելու սկզբունքով:

Բարձր գնահատանքի են արժանի ձեր ջանքերն ու անմնացորդ նվիրումը նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին ու նախաձեռնություններին սատարելու գործում։ Ճգնաժամային տարբեր իրավիճակներում՝ կորոնավիրուսային համաճարակի, պատերազմի ժամանակ կամավորների կատարած աշխատանքը նպաստեց այն հանգամանքին, որ հասարակությանն ուղղված զրկանքներն ու հարվածները լինեն համեմատաբար տանելի։

Ոգեշնչող է աշխարհը դեպի լավը փոխելու ձեր անձնուրաց ծառայությունը։ Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար յուրաքանչյուրս պետք է առաջնորդվենք ձեր օրինակով՝ վճռականորեն ստանձնելով մեր բաժին անելիքը՝ նպաստենք ներկա իրավիճակի դրական տեղաշարժին։

Վերստին շնորհավորում եմ՝ մաղթելով բեղուն ու հայրենանպաստ աշխատանք»։