ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողով – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կայացել է «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովը։

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանի խոսքով՝ համաժողովը միտված է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո արդի քաղաքական գործընթացների հոլովույթում Արցախյան հիմնախնդրի անաչառ ու հիմնավոր քննարկմանը և համապատասխան եզրահանգումներ կատարելուն։ Ստեղծված պայմաններում առավել մեծ է հայ քաղաքական գործիչների, մտավորականության դերը հանրությանն անվտանգ ու ճիշտ ճանապարհով առաջնորդելու, դրանով իսկ բազում ու բազմապիսի փորձություններ հաղթահարած մեր հայրենիքի փրկության գործում։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել է նախաձեռնությունն ու անդրադարձել Արցախյան հիմանխնդրի կարգավորմանը վերաբերող հարցերին։

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք էին հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն՝ ընդգծելով Արցախում անցկացվող գիտագործնական համաժողովի արդիականությունը։

«Քննարկվող թեմաները ոչ մեկին չեն կարող անտարբեր թողնել, քանի որ Արցախը, ինչպես և ամբողջ աշխարհը, կանգնած է ներքին ու արտաքին սպառնալիքների և մարտահրավերների առջև: Կրթական համակարգն ու գիտության ոլորտն իրավիճակի ցանկացած դրսևորման պարագայում առաջիններից են ընդունում հարվածը: Բազմիցս պատմությունն ապացուցել է, որ Արցախի ժողովրդի անվտանգության, ազգային ինքնության, ազգային արժեքների, պետականության պաշտպանության երաշխիքներն են հայ զինվորը, գիտնական-մտավորականների սուր միտքն ու գրիչը և հմուտ դիվանագետը։ Գիտելիքով զինված ազգերը անպարտելի են, նաև անպարտելի են նրանք, ովքեր լավ են տիրապետում սեփական պատմությանը և կարողանում են դասեր քաղել անցյալից»,- իր խոսքում նշել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը։

Գիտագործնական համաժողովի հարթակը միավորել էր ՀՀ և ԱՀ մի շարք գիտնականների, քաղաքագետների, առաջատար փորձագետների, երիտասարդ հետազոտողների։

Անդրադառնալով Արցախի մշակութային ժառանգության արդի մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգությանը վերաբերող տվյալներ։ «Արցախի մշակութային ժառանգությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո սկսեց մեր մշակութային ժառանգության ոչնչացման հստակ գործընթաց, որը ենթադրում է խեղաթյուրում, բռնայուրացում և մեր եկեղեցիների ուղղափառացում։ Կարևոր խնդիրներից մեկն էլ Բերձորի եկեղեցու՝ մզկիթի վերածման գործընթացն է»,- նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը։

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմաքաղաքական լուծումներին, Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացմանը, ազգերի ինքնորոշման իրավունքի հիմնադիր սկբունքներին վերաբերող հարցեր։