ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մարտահրավերներ, նախաձեռնողականություն, առաջընթաց»․ միջոցառում նվիրված երիտասարդության միջազգային օրվան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մարտահրավերներ, նախաձեռնողականություն, առաջընթաց»․ միջոցառում նվիրված երիտասարդության միջազգային օրվան

Նոյեմբերի 10-ին Ստեփանակերտի և Արցախի շրջանների մոտ 100 երիտասարդներ հնարավորություն ունեցան մասնակցելու Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի բաժնի կողմից կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային օրվան:

Միջոցառումը մեկնարկեց Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակից: Մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար անմահացած քաջորդիների հիշատակին:

«Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Արևիկ Հովսեփյանը ողջունեց երիտասարդներին, շնորհավորեց տոնի առթիվ, ներկայացրեց օրվա խորհուրդը և կազմակերպված միջոցառման նպատակը՝ ոգեշնչել երիտասարդներին՝ ապրելու և գործելու Արցախում, հանուն Արցախի, չհուսահատվել ու չընկրկել դժվարությունների առաջ:

Կազմակերպիչները քննարկումներ էին նախատեսել: Առաջին բանախոսը «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր Աշոտ Ավանեսյանն էր, ով «Ձախողում և հաջողություն» թեմայով հետաքրքիր զրույց-քննարկում ծավալեց երիտասարդների հետ: Կիսվեց անձնական փորձով, սեփական ձախողումներից քաղած դասերով, հաջողության հասնելու իր բանաձևով:

Փոքրիկ ընդմիջումից հետո միջոցառման մասնակիցներին միացավ «ՌեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը: Նա վերջերս է տեղափոխվել Արցախ (գյուղ Հաղորտի): Բանախոսության առանցքում համոզմունքն էր՝ հնարավոր է ապրել Արցախում և գործել աշխարհում: Անհրաժեշտ են համապատասխան հմտություններ, գործիքակազմ ու մեծ ցանկություն:

Մշակութային երեկոն ամփոփեց օրը՝ ապահովելով դրական հույզեր: