ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ոչ ֆորմալ կրթական ծրագիր՝ սահմանամերձ համայնքերի երիտասարդների համար – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ոչ ֆորմալ կրթական ծրագիր՝ սահմանամերձ համայնքերի երիտասարդների համար

Հետպատերազմյան Արցախում մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում անվտանգային գործոնն  առաջնային դերում է: Առկա մարտահրավերներին և սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու համար Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը երիտասարդությանը համապատասխան գիտելիքներով զինելու նպատակով՝  հոկտեմբերի 8-ին Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում անց է կացրել անվտանգության, մասնավորապես՝ հոգևոր անվտանգության թեմայով դասընթաց:

Ծրագրին  մասնակցում էին   Ասկերանի շրջանի Խաչմաչ, Մսմնա, Սարուշեն, Կարմիր գյուղ, Դաշուշեն, Շոշ գյուղերից մոտ 80 երիտասարդ:  Այն նաև տարբեր համայնքների երիտասարդությանը համախմբելու, ներհամայնքային կապերն ամրապնդելու, ազգային  արժեքների տարածման ու քարոզչության խնդիր ուներ:

Հանդիպման ընթացքում ավագ դպրոցականների շրջանում իրականացվել են անվտանգության տարրական կանոնների պահպանման, իրազեկման միջոցառումներ:

Կազմակերպիչների կարծիքով՝ քաղաքացիական անվտանգության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է ոլորտի վերաբերյալ երիտասարդների ունեցած գիտելիքներով, ռեսուրսներով, դրանց խելամիտ համակարգմամբ ու կառավարմամբ։  Օրվա բանախոսներն էին  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Իվան Պողոսյանը,  Տեր Ներսես քահանա Ասրյանը: Դասընթացն  ավարտվեց   ազգային-ավանդական խաղերի անցկացմամբ ու ազգային պարերի ուսուցմամբ: