ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է «Արցախյան գոյամարտը» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է «Արցախյան գոյամարտը» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ

«Արցախյան գոյամարտը» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը: Մրցույթին
մասնակցել են Ստեփանակերտ քաղաքի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի և Շուշիի
շրջանների՝ 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերը: ԿԳՄՍ նախարարության
արտադպրոցական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանի խոսքով՝ ինտելեկտուալ
խաղում ընդգրկվել են մրցույթի շրջանային փուլում լավագույն արդյունքներ գրանցած թիմերը:

«Արցախյան գոյամարտը» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթը հայ ժողովրդի պատմությունից
աշակերտների գիտելիքները ստուգելու, իմացածն ամրապնդելու և նորը սովորելու ևս մեկ
հնարավորություն է:

«Խելացի երիտասարդություն ունենալու մեջ է ցանացած պետության հաջողությունը, մեզ համար՝ առավել
ևս: Որքան շատ լինեն ձեր ունեցած գիտելիքները մեր պատմության վերաբերյալ, այնքան ավելի ամուր եք
կապվելու մեր հողին, ավելի շատ եք սիրելու մեր հայրենիքը, մեր ժողովրդին , մեր անցյալը: Բայց
փաստենք նաև, որ մեր պատմությունը միայն անգիր անելու համար չէ, այն պետք է դարձնենք կենսակերպ,
նվիրվենք հայրենիքին: Իսկ հայրենիքին նվիրվելու լավագույն ճանապարհը գիտելիքներ ստանալն է ու
դրանք մեր հայրենիքին ծառայեցնելը»,- ողջունելով խաղի մասնակիցներին՝ իր խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ
նախարարի խորհրդական, հանձնախմբի նախագահ Մելանյա Բալայանը:

Մրցույթի 3 փուլերի ընթացքում առավելագույն միավորներ վաստակելով՝ առաջին պատվավոր տեղը
գրավել է Ասկերանի «Նորագյուղ» թիմը: Երկրորդ տեղում Մարտակերտի «Բեկոր» թիմն է, իսկ երրորդ
մրցանակային տեղը զբաղեցրել է Մարտունու «Շանթ» թիմը:


«Բեկոր» թիմի անդամ Տաթևիկ Բաղդասարյանը տարբեր իտելեկտուալ խաղերին մասնակցելու
հնարավորությունը բաց չի թողնում: Առավել հետաքրքրությամբ է մասնակցում հենց պատմության թեմայով
մրցույթներին:

«Ինտելեկտուալ խաղերը ակտիվություն են մտցնում դպրոցական առօրյայի մեջ: Մեր օերում, առավել քան
երբեք, կարևոր է իմանալ սեփական պատմությունը՝ հետագայում նաև ճիշտ կողմնորոշվելու համար»,-
ասում է Տաթևիկը:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթի բոլոր մասնակիցները պատվոգրեր ու գրքեր են ստացել, իսկ մրցանակային
տեղեր գրաված թիմերը՝ նաև հուշանվերներ: