ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի բասկետբոլիստները ՀՀ և Եվրոպայի առաջնություններից վերադարձել են մեդալներով – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախցի բասկետբոլիստները ՀՀ և Եվրոպայի առաջնություններից վերադարձել են մեդալներով

2021-2022 թթ. ՀՀ և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված արցախցի պատանիների և աղջիկների բասկետբոլի թիմերի պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ  սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտի հ. 6 հիմնական դպրոցում։

Բասկետբոլի ՀՀ առաջնության հաղթող են ճանաչվել  մինչև 16 տարեկան աղջիկների, մինչև 14 տարեկան պատանիների ու աղջիկների  թիմերը։ Երկրորդ մրցանակային տեղն են գրավել մինչև 12 տարեկան տղաների և մինչև 16 տարեկան պատանիների  թիմերը։

2021թ-ի սեպտեմբերին մեկնարկած բասկետբոլի ՀՀ առաջնությանը 8 թիմ էր մասնակցում։ Արցախի մինչև 14 տարեկան տղաների թիմը առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճեց՝  հաղթանակով ավարտելով 14 խաղից 12-ը։

«Տղաների հետ երկար ու դժվար ճանապարհ ենք անցել, մի շարք մրցանակային տեղեր ենք գրավել, սակայն նման արդյունք առաջին անգամն ենք գրանցում։ Թիմերի միջև թեժ պայքար էր ընթանում։ Տղաների թիմը կարողացավ հաղթանակ նվաճել քրտնաջան աշխատանքում, մարզչական կազմի համախմբված ջանքերի  շնորհիվ և իհարկե  Արցախի ԿԳՄՍ նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի,  Արցախի բասկետբոլի Ֆեդերացիայի աջակցությամբ»,-ասում է մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Անդրեյ Սարումյանը։

Ի տարբերություն տղաների, բասկետբոլի աղջիկների թիմը  ՀՀ առաջնության առաջին հորիզոնականը նվաճում է երրորդ անգամ։ Աղջիկները ՀՀ հավաքական թիմում նաև Եվրոպայի առաջնությանն են  մասնակցել և գրավել մրցանակային 2-րդ տեղը։

ՀՀ-ում անցկացված 2021-2022թթ. մրցաշրջանի բասկետբոլի առաջնության բոլոր մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով:

Անդրեյ Սարումյանի խոսքով՝ մարզիկները  պատրաստվում են սեպտեմբերի վերջին կայանալիք մինչև 14 տարեկան  սաների բասկետբոլի  ՀՀ առաջնությանը։