ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է վերապատրաստման դասընթաց շախմատի ուսուցիչների համար – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է վերապատրաստման դասընթաց շախմատի ուսուցիչների համար

Օգոստոսի 24-ին, Ստեփանակերտի  N2 հիմնական դպրոցում մեկնարկել  է հանրակրթական դպրոցների շախմատի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Հանրակրթական դպրոցների շախմատի ուսուցիչներին մասնագիտական գիտելիքներ փոխանցելու, դասավանդման նոր մեթոդներին ծանոթացնելու նպատակով ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ամեն տարի կազմակերպվում է «Շախմատ» առարկա դասավանդող  ուսուցիչների վերապատրաստման դասընթաց:

Քառօրյա դասընթացը վարում են Հայաստանի շախմատի ակադեմիայի մեթոդիստ–շախմատիստներն ու Կրթության ազգային ինստիտուտի հոգեբան-մանկավարժները:

«Ուսուցիչներին համապատասխան գիտելիքներ փոխանցելու, մանկավարժամեթոդական ցուցումներ տալու նպատակով  ամեն անգամ սիրով ենք ընդունում Արցախի ուսուցիչների հետ աշխատելու առաջարկը: Մենք էլ հաճախ իրենցից ենք  սովորում: Կոնկրետ խնդիրների մասին բարձրաձայնելով՝  ուսուցիչներն օգնում են մեզ դասավանդման նոր մեթոդներ մշակել»,- ասում է Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ, դասավանդող դասախոս, վերապատրաստող  Արտակ Հովհաննիսյանը:

Համապատասխան որակավորում և դասավանդման թույլտվություն ստանալու համար մասնակիցները դասընթացի ավարտին քննություն  կհանձնեն: 9-ից 13 միավոր վաստակելու դեպքում  ուսուցչին կտրվի դասավանդման մեկ տարվա, 14-ից 17 միավորի դեպքում՝  երկու,  իսկ 18-ից 20 միավորի դեպքում՝ դասավանդման երեք տարվա թույլտվություն:

Ճարտարի թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցչուհի Էլմիրա Պողոսյանը շախմատի դասավանդման   մոտ 10 տարվա փորձ ունի: «Մեր դպրոցում երեխաները հաճույքով են շախմատ խաղում, նախկինում նույնիսկ խմբակ ունեինք, որը մեծ պահանջարկ էր վայելում: Երեխաների ձգտումը ինձ էլ է ստիպում մշտապես կատարելագործվել, նոր գիտելիքներ ձեռք բերել: Ուստի, ամեն տարի հաճույքով մասնակցում եմ վերապատրաստման դասընթացին ու նոր գիտելիքներով վերադառնում դասարան»,-  ասում է Էլմիրա Պողոսյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախնական մասնագիտական և նախադպրոցական կրթության տեսչավորման բաժնի վարիչ, ավագ պետական տեսուչ Բեյբուդ Մելքումյանի խոսքով՝ Հայաստանի շախմատի ակադեմիան օգոստոսի 29-ից 31-ը կազմակերպելու է նաև  եռօրյա օնլայն դասընթաց: Նրանք, ովքեր հարգելի պատճառով բացակայել են կամ չեն հաղթահարել քննության անցողիկ շեմը, կարող են ընդգրկվել հարթակում և համապատասխան վերապատրաստում անցնել: