ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել են երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մի շարք միջոցառումներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել են երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մի շարք միջոցառումներ

ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախադպրոցական կրթության բաժնի  նախաձեռնությամբ ու Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներին կից գործող նախադպրոցական խմբերի սաների մասնակցությամբ հունիսի 1-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կայացավ  տոնական համերգ՝ նվիրված Երեխաների  պաշտպանության միջազգային օրվան:

Բեմում փայլում էին երեխաները՝ երգում, պարում , արտասանում, սեր էին խոստովանում հայրենիքին ու մայրիկներին, խաղաղության ու համերաշխության  ուղերձ հղում աշխարհին: Թոթովախոս փոքրիկներին հաջողվեց օրը տոն դարձնել ինչպես իրենց, այնպես էլ մեծերի համար: 

Ժամեր անց, նույն դահլիճում կրկին ուրախ տրամադրություն էր: Այս անգամ տոնական համերգի նախաձեռնությունը «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն »  ՀԿ էր՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Փոքրիկ հանդիսատեսի համար ելույթ ունեցան  «Արցախի ձայն » նախագծի  երգիչները և Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի կրտսեր խմբի սաները:

Իսկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն էր իր գիրկն առել օրվա հերոսներին՝ մեծ երազանքներով փոքրիկ արցախցիներին: Համերգային շոու-ծրագիրը կազմակերպվել էր ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից:

Թող մեր մանուկները վայելեն խաղաղ ու անհոգ մանկություն: