ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում ՀԵՊ առարկայից Տաթևիկ Բաղդասարյանը գրավել է առաջին տեղն ու արժանացել առաջին կարգի դիպլոմի: – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում ՀԵՊ առարկայից Տաթևիկ Բաղդասարյանը գրավել է առաջին տեղն ու արժանացել առաջին կարգի դիպլոմի:

«1000 մղոնանոց ճանապարհն առաջին քայլից  է սկսվում». այս սկզբունքով է մարտակերտցի  15-ամյա Տաթևիկ Բաղդասարյանն իր առջև խնդիր դնում և հասնում դրա իրագործմանը: Երևանում կայացած 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում ՀԵՊ առարկայից Տաթևիկ Բաղդասարյանը գրավել է առաջին տեղն ու արժանացել առաջին կարգի դիպլոմի:

Տաթևիկը Մարտակերտի շրջանի՝ թշնամու  կողմից օկուպացված Նոր Այգեստան գյուղից է։ Այսօր ապրում է Մարտակերտ քաղաքում։

Պատմություն առարկայով հետաքրքրվում է 8-րդ դասարանից: Հենց այդ տարին էլ մասնակցել է ՀԵՊ առարկայի օլիմպիադային և արժանացել 2-րդ կարգի դիպլոմի: «Այդ ժամանակ ինքս ինձ մարտահրավեր եմ նետել՝ եթե ես կարողացել եմ անցնել այս ճանապարհը, արժանանալ 2-րդ կարգի դիպլոմի, ինչո՞ւ չեմ կարող առաջին կարգի դիպլոմի համար պայքարել»,-ասում է Տաթևիկը:

Տաթևիկը հաջողություններ ունի նաև բնագիտական առարկաներից, սիրում է գեղարվեստական գրականություն կարդալ, օտար լեզուներ է ուսումնասիրում: Օլիմպիադայում ուժերը փորձել է տարբեր առարկաներից՝ գրականությունից, պատմությունից:

«Որքան խորն եմ ուսումնասիրում մեր պատմությունը, այնքան շատ եմ հանդիպում հաղթական էջերի ու համոզվում, որ ապագան կանխատեսելու համար պետք է լավ սերտել անցյալը», – ասում է Տաթևիկը:

Իսկ ապագայի վերաբերյալ Տաթևիկն իր կանխատեսումներն ունի. մեր անցյալի  փառահեղ էջերը կրկնվելու  են, դրա համար անհրաժեշտ է կրթությանը լուրջ  մոտենալ:  

Տաթևիկի կարծիքով՝ Ավարայրի ճակատամարտի ժամանակ էլ ունեինք դավաճաններ, երկիրը պառակտված էր, բայց հաղթանակի հանդեպ հույս, հավատ կար, նպատակ կար:  Նույնն էլ այսօր է: «Մեզ, առավել քան երբևէ, համախմբվել է պետք:  Սխալվեցինք հենց այն ժամանակ, երբ կորցրինք մեր միասնականությունը»:

Տաթևիկը գտնում է, որ  երազանքները վերացական են, այդ պատճառով  երազանքներ չունի: Նպատակներ ունի, որոնց իրագործման համար ջանք ու եռանդ չի խնայում: Թիվ մեկ նպատակը առաջիկա 2 ուսումնական տարիներն արդյունավետ  օգտագործելն է: Որոշել է  բժիշկ դառնալ ու սպիտակ բանակին միանալով՝ իր նպաստը բերել հայրենիքին:

«Հայրենասիրությունը չպետք է լինի  վերացական, այն նախ և առաջ գործով է ապացուցվում: Հայրենիքում, հայրենիքի համար արված յուրաքանչյուր գործ հայրենասիրության դրսևորում է»,- ասում է Տաթևիկը:

Իր բոլոր ցանկություններն իրականացնելու և նպատակներին հասնելու համար  Տաթևը ճանապարհներ է գտնում, ուղիներ է հարթում: Միայն հայրենի գյուղ տանող ճանապարհն է, որ մնացել է հեռվում, անհասանելի…  Հարազատ  գյուղի թաղերով հաճախ է զբոսնում, իրենց տան բակում էլ է լինում,  առայժմ՝ մտովի: Գիտի՝ մի օր արցախցին իր կռացած մեջքն  ուղղելու է և բռունցք է դառնալու:

Հույսով եմ, որ մի օր կառողջանամ ես ազնիվ հիվանդությունից. հայրենիքի հանդեպ կարոտը ազնիվ հիվանդություն է: