ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում են «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում են «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչները

Արցախում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հրատարակիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը։

Այսօր՝ մայիսի 26-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Էդիթ Պրինտ» հրատարակչության և Արցախի կրթության ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համագործակցում է վաղուց։ «Տարբեր ծրագրերով մենք Արցախում ենք դեռևս 1988թ-ից։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո սա առաջին շնորհանդեսն է»,-ասում է Մկրտիչ Կարապետյանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով․ «Այսօր առաջնային է դպրոցները դասագրքերով ապահովելու հարցը։ Այս տարի դպրոց մուտք կգործի «Էդիթ Պրինտ» հրատարակչության երկրորդ դասարանի մայրենին։ Ի դեպ, մեր հյուրերն իրենց հետ բերել են ուսուցիչների վերապատրաստումների և օլիմպիադաների հարցաշարեր, դասագրքեր ու գեղարվեստական գրքեր»։

«Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչներն այս անգամ Արցախում են առաջարկներով, որոնք կարող են օգտակար լինել դպրոցականների և ուսուցիչների համար։ Մկրտիչ Կարապետյանը ներկայացրեց հրատարակչության նորաստեղծ կայքերը , ինչպես նաև տպագրվող դասագրքերն ու դրանց առավելությունները։

«Կրթական ոլորտում բարեփոխումներ են կատարվում, կիրառվում են նոր տեխնոլոգիաներ։ Ժամանակի հետ համընթաց քայլելու համար մեր հրատարակչությունն անում է ամեն բան։ Այդ նպատակին են ծառայում մեր նոր՝ «Կրթադիտակ», «Կրթադարակ» կայքերը։ Մեր նորություններով ուզում էինք կիսվել նաև Արցախի ուսուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա ուսուցիչներին «Կրթադիտակ» կայքից 1 ամիս անվճար օգտվելու համար քարտեր նվիրեցինք։ Հետագայում էլ գրադարաններին նման հնարավորություն կտրվի»,- նշեց Մ․Կարապետյանը։ Հանդիպման ավարտին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և Մկրտիչ Կարապետյանին նվիրեց «Արցախի պատմաերկրագիտական թանգարանի արծաթյա զարդերի հավաքածուն» գիրքը։