ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Քույր դպրոցներ»-ի շարքերը համալրում են նոր կրթօջախներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Քույր դպրոցներ»-ի շարքերը համալրում են նոր կրթօջախներ

Արդեն գրեթե 2 ամիս է՝  ԱՀ ԿԳՄՍ նախարարության  «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում արցախցի մի շարք դպրոցականներ հնարավորություն ունեն տեսակապով շփվել Սփյուռքում ապրող իրենց հասակակիցների հետ: Ծրագիրը, որը միասնական հայրենիք ստեղծելու գաղափարական ազդակներից մեկն է, իրականացվում է ԱՀ նախագահի խորհրդականներ Լ. Ղարախանյանի, Ա. Սիմոնյանի և ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Ա. Գյանջումյանի անմիջական մասնակցությամբ:

 «Այս ծրագրի իրականացման համար հրաշալի թիմ է աշխատում: Անգամ մեր նախկին աշակերտներն են միացել մեզ. Դավիթ Գաբրիելյանը ծրագրի մասնակից դպրոցների համար լոգոներ է պատրաստել, Սարգիս Կարապետյանն էլ ZOOM հարթակ է ստեղծել, որի միջոցով առանց խափանումների յուրաքանչյուր ժամի կարող ենք կապ հաստատել Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ», -ասում է ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, ծրագրի համակարգող Աիդա Գյանջումյանը:

Այսօր Արցախի հանրակրթական մի շարք դպրոցների հետ համագործակցում են Ամերիկայի, ֆրանսիայի, Լիբանանի հայկական կրթօջախներ: ԱՀ Մարտակերտի շրջանի հինգ  դպրոցներ՝  Մարտակերտի թիվ 1, Հաթերքի, Վաղուհասի, Գետավանի և Մաղավուզի, քույրացման ծրագրի մեջ են Լիբանանի Հանրապետության հինգ դպրոցների հետ՝ ՀԲԸՄ Պողոս Կ. Գարմիրյան դպրոց, Հայ Ավետարանական քոլեջ -ավագ դպրոց, Վահան Թեքեյան վարժարան, Հայ Կաթողիկե Սուրբ Խաչ Հարպոյան ավագ դպրոց, Հայ Ավետարանական կեդրոն բարձրագույն դպրոց: Ծրագրի շրջանակում Ստեփանակերտի թիվ 1 հիմնական  դպրոցը համագործակցում է Փարիզի Դպրոցասեր վարժարանի, իսկ Ճարտարի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ Ալֆովիրի Գէորգ Հ. Արապեան վարժարանի հետ:

Մարտունու Մեսրոպ Մաշտոցի անվ. հիմնական դպրոցը, Մաճկալաշենի, Բերդաշենի, Թաղավարդի, Աշանի, ինչպես նաև Շուշիի և Հադրութի միջնակարգ դպրոցները  ծրագրի շրջանակում փոխգործակցում են Լոս Անջելեսի Ֆերահեան Երկրորդական Վարժարանի, Մեսրոպեան Վարժարանի, Արի Կիրակոս Մինասեան Վարժարանի, Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական Վարժարանի, Վահան և Անոյշ Շամլեան Վարժարանի, Ռոզ և Ալեք Փիլիպոս Վարժարանի,  Ազգային Գապայեան Վարժարանի հետ:

ZOOM հարթակում դպրոցների միջև հաճախ են հանդիպումներ կազմակերպվում՝ անձնական ծանոթությունից անցնելով գործնական շփումների: «Երեխաները օնլայն հանդիպումների ժամանակ հայ գրականությունից, պատմությունից ընդհանուր քննարկման թեմաներ են ընտրում: Սա հնարավորություն է տալիս Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին հայրերենի իմացությունը բարելավել: Այս համագործակցությունը երկու կողմերի համար լեզուների իմացության, մշակույթի, ավանդույթների փոխանցման հնարավորություն է: Օտարության մեջ հայերեն խոսելը, հայոց պատմությամբ ու մշակույթով սերունդներ դաստիարակելը հերոսություն է»,- նշում է Ա. Գյանջումյանը:

Գործնական շփումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով  առաջիկայում քույր դպրոցները կքննարկեն  ուսումնական թեմաներ, կփոխանակվեն  դպրոցական ծրագրերով: Նախատեսվում են նաև փոխադարձ դասալսումներ: