ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Պարի միջազգային օրն է – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Պարի միջազգային օրն է

Ամեն տարի ապրիլի 29-ին  պարող աշխարհը՝ օպերայի և բալետի թատրոնները, ժամանակակից պարային խմբերը և այս ոլորտի այլ ներկայացուցիչներ, նշում են իրենց մասնագիտական տոնը:  Այս առիթով ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախազորակոչային պատրաստության արտադպրոցական ծրագրերի վարչության  արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից կազմակերպվեց  «Ազգային երգն ու պարը մեր ինքնության հիմնաքար» խորագրով երաժշտական  փառատոնը:

Այն նպատակ ունի ազգային պարը՝ որպես հայկական հարուստ մշակույթի կարևոր  մասնիկ,  հանրայնացնել և փոխանցել հաջորդ սերունդներին: 

Արդեն 5 տարի է, ինչ դպրոցներում դասավանդվում է ազգային երգն ու պարը: Ի սկզբանե շատերը թերահավատորեն էին մոտենում «Ազգային երգ  ու պար» առարկան դպրոցական ծրագրում ընդգրկելուն: Այս փառատոնը կարծես նաև  այս տարիների աշխատանքի հաշվետվություն էր: Փառատոնին ներկայացված էին «Ազգային երգ ու պար» առարկայի  ծրագրային նյութեր՝ ծիսական, ռազմական, աշխատանքային պարեր, հայրենասիրական երգեր: Փառատոնին մասնակցում էր Արցախի տարբեր շրջաններից և մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից 150-ից ավելի  աշակերտներ, որոնք այսուհետ ազգային երգ ու պարի միջոցով առավել ամուր են կառչելու ազգային մշակույթին ու հայրենի հողին:

Շնորհավորելով ներկաներին Պարի միջազգային օրվա առթիվ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանն իր խոսքում նշեց. «Հնագույն ժամանակներից պարը մեծագույն  արժեք է բոլոր ժողովուրդների համար, քանզի այն  ազգի հավաքական կերպարն աշխարհին ներկայացնելու լավագույն ձևերից  է: Մաղթում եմ,  որ հետագա ձեր բոլոր միջոցառումները, ձեր բոլոր պարերը նվիրված լինեն մեր մոտակա  և  հետագա ազգային հաղթանակներին»:

Կարևորելով ազգային պարի դերը մեր ինքնության պահպանման գործում՝  Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանն ընդգծեց. «Պարը արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, ազգային բարքը, քաղաքակրթության աստիճանը: Ուստի, այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք պահպանել դարեդար մեզ հասած հարստությունը»:

Մասնակից բոլոր դպրոցները ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից  պարգևատրվեցին պատվոգրերով,  իսկ մասնակիցները՝  խորհրդանշական կրծքանշաններով: