ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՄԱԿ մոդել» սիմուլյացիոն խաղ՝ արցախցի ուսանողների մասնակցությամբ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՄԱԿ մոդել» սիմուլյացիոն խաղ՝ արցախցի ուսանողների մասնակցությամբ

«ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ» էր՝ արցախցի ուսանողների մասնակցությամբ, թեման՝ Արցախյան հիմնախդրի բանակցային գործընթացը։ «ՄԱԿ մոդել» գիտակրթական սիմուլյացիոն խաղ-միջոցառումը ԵՊՀ-ականներն էին նախաձեռնել։ Արցախում այն իրականացվեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 25-ից 27-ը։ «Այսպիսի մոդել ենք ընտրել, որպեսզի ուսանողները ավելի լավ պատկերացնեն, թե ինչպես է գործում ՄԱԿ- ի անվտանգության խորհուրդը, ինչպես են այնտեղ որոշումները կայացվում։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը տարբեր կառույցների մոդելներով կազմակերպել է խաղ-միջոցառումներ (Եվրոպական միության մոդել, ԱԺ-ի, ՄԱԿ -ի մոդել և այլն)։ Հաշվի առնելով թեմայի արդիականությունը և այն փաստը, որ Արցախում չկա միջազգայնագետներ պատրաստող ուսումնական հաստատություն՝ մտածեցինք, որ «ՄԱԿ մոդելը» օգտակար կլինի արցախցի ուսանողների համար» – նշեց ԵՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահը։ Այն նաև ուսանողության շրջանում ՄԱԿ –ի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման, հանրային խոսքի խթանման, վերլուծական և քաղաքական մտքի զարգացման նպատակ ուներ։

Եռօրյա աշխատանքների ընթացքում Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ դասախոսություններով հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտության ամբիոնի դոցենտ Ռոման Կարապետյանը։ Տեսական փուլին հաջորդեց գործնականը՝ «ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստը» ՝ քննարկումներով, եզրափակիչ հայտարարությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ ԵՊՀ–ից և Արցախի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից։ ԱրՊՀ իրավագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Գրետա Աբրահամյանը «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին» ներկայացնում էր Ռուսաստանի Դաշնությունը։ Անկեղծանում է՝ նյութերի ուսումնասիրությունը, բանավեճին պատրաստվելը, արցախցի լինելով՝ այլ երկրի շահեր պաշտպանելն ի սկզբանե դժվար, բայց և ուսուցողական էր։ «Սիմուլյացիոն խաղ մոդելը ամենաարդյունավետ ձևն է տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և բանակցային գործընթացի իրավիճակները պատկերացնելու համար։ Մենք կարող ենք լավ պատրաստվել ու գործել միայն այն ժամանակ, երբ հասկականանք, թե մեր հակառակորդները և միջազգային հանրությունը ինչ է մտածում»- համոզված է Խաչիկ Աբաջյանը։ Արցախցի Տիգրան Աղաջանյանը, որը սովորում է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, միջոցառմանը մասնակցում էր որպես կազմակերպիչ։ Խոստովանում է՝ արցախյան հիմնախնդիրը ցավոտ թեմա է իր համար։ «Մեր ազգին պակասում է հավատ, ազգային համախմբվածություն, ազգային մտածելակերպ։ Մենք պետք է օբյեկտիվ մոտենանք հարցին։ Բայց, որպես ապագա դիվանագետ՝ կնշեմ, որ հեռանկարներ կան»- ասում է Տիգրանը։ «ՄԱԿ մոդել» սիմուլյացիոն խաղի մասնակիցները ցուցաբերած ակտիվության համար ստացան հավաստագրեր։