ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 18-ը Պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 18-ը Պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է:

Ապրիլի 18-ը Պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Պատմամշակութային հուշարձաններն իրենց մեջ ամփոփում են մեր ազգի դիմագիծն ու նկարագիրը, պատմությունն ու մշակութային առանձնահատկությունները։ ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ Արցախի դարավոր ու հարուստ պատմամշակութային ժառանգությունն արցախցու՝ իր հողի տերը լինելու վկայությունն է։ «Այսօր առավել, քան երբևէ, մեր ժողովրդի կենսագրությունն ու ինքնությունը հաստատող քարե վկանները պաշտպանության ու հոգածության կարիք ունեն: 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախի բռնազավթված տարածքներում մնացել է շուրջ 2000 հուշարձան, թվով 5 պատմամշակութային և բնապատմական արգելոց՝ տեսարժան ու պատմական վայրերով: Դրանց պահպանությունն այսօր մեծապես վտանգված է։ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է մշակութային ցեղասպանության քաղաքականությունը՝ ոչնչացնելով, բռնայուրացնելով ու խեղաթյուրելով մեր հուշարձանները։ Մշակութային ցեղասպանությունը կանխելու մեր բոլոր կոչերն՝ ուղղված պատմամշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող միջազգային կառույցներին, ցավոք, ապարդյուն են։ Դիմում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ աջակից ու հաղորդակից դառնալ միջազգային համապատասխան ատյաններում մեր պատմամշակութային ժառանգության պաշտպանության գործին։ Ակնկալում ենք նաև մեր հասարակության յուրաքանչյուր անդամի սրտացավ ու հոգատար վերաբերմունքը մեր հուշարձանների նկատմամբ։ Պահպանելով ու հանրահռչակելով մեր հարուստ ու անկրկնելի մշակութային ժառանգությունը՝ կարող ենք ապահովել մեր տեղը համամարդկային նյութական մշակույթի գանձարանում։ Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում բնագավառի բոլոր մասնագետներին, աշխատակիցներին, ովքեր անշահախնդիր ու անխոնջ իրենց պարտականությունն են կատարում դժվարին այս պայմաններում»: