ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թանգարանների աշխատակիցների համար անց են կացվել վերապատրաստման դասընթացներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թանգարանների աշխատակիցների համար անց են կացվել վերապատրաստման դասընթացներ

Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում կենսունակ է եղել իր մշակույթով, իսկ թանգարաններն այն կարևոր մշակութային օջախներն են, որտեղ պահպանվում են մեր պատմության ու  մշակութային ժառանգության իրեղեն վկաները:

Կարևորելով թանգարանների ռազմավարական նշանակությունը մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման գործում՝ թանգարանների աշխատողների համար ինտերակտիվ դասընթացներ կազմակերպելու նպատակով Արցախում են «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի»  գիտական գծով փոխտնօրեն, պ.գ.թ, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը և պ.գ.թ., գորգագետ Աշխունջ Պողոսյանը: 

«Մեզ համար ռազմավարական խնդիր է հայոց ազգային տարազի և գորգի թանգարանագիտական, ազգաբանական ուսումնասիրությունը, ուստի 2021-ին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեին ներկայացրինք և շահեցինք թանգարանների աջակցությանն ու հավաքածուների հանրահռչակմանն ուղղված ծրագիր: Ու քանի որ Արցախը հայտնի է որպես կարևոր գորգագործական կենտրոն, մենք որոշեցինք դասընթացներ կազմակերպել նաև Արցախի մեր գործընկերների համար»,-նշեց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:

«Այս օրերին կփորձենք ծանոթանալ թանգարաններում պահվող գործվածքների, հավաքածուների հետ, արձանագրենք խնդիրները, մասնագիտական խորհրդատվությամբ փորձենք աջակցել թանգարանային աշխատողներին»,- ասում է Ա. Պողոսյանը:

Ծրագիրը նպատակ ունի հայկական շրջանակից զատ՝ նաև օտար լեզուներով օտար լսարանին ներկայացնել հայկական գորգագործական բազմադարյա ավանդույթները, մշակութային հարուստ ժառանգությունը: Աշխատանքի ընթացքում մասնագետների ուշադրության կենտրոնում են լինելու երկրագիտական թանգարաններում հավաքածուների ցուցադրության և թանգարանային նմուշների հանրահռչակման խնդիրները:   

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Ժաննա Առստամյանի կարծիքով՝ նման հանդիպումները կարևոր են և հետաքրքիր: «Կարևոր են, քանի որ այսօր, լինելով մի տեսակ կղզիացած, ցանկացած ոլորտում փոխադարձ այցելություններն ու համագործակցություններն իրենց նպաստն են բերում: Յուրաքանչյուր մասնագետի համար հետաքրքիր են նեղ մասնագիտական շփումներն ու քննարկումները»:

Ապրիլի 14-ին վերապատրաստող մասնագետներին ընդունել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի մշակութային ժառանգությանը և ազգային արժեքների պահպանմանն ուղղված մի շարք հարցեր։ Ա. Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Արցախի կրթամշակութային ոլորտին ցուցաբերած աջակցության համար։

Երկօրյա ծրագրի շրջանակում՝ ապրիլի 15-ին մասնագետները կլինեն նաև Մարտունիում՝ տեղում ծանոթանալու թանգարանում պահվող նմուշների ու դրանց պահպանման խնդիրների հետ: