ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է Արցախ-Սփյուռք «Քույր դպրոցներ» ծրագրի առաջին փուլը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է Արցախ-Սփյուռք «Քույր դպրոցներ» ծրագրի առաջին փուլը

Կայացել է Արցախ-Սփյուռք «Քույր դպրոցներ» ծրագրի առաջին փուլը։ Ծրագրին մասնակցում են Մարտակերտի շրջանի և Լիբանանի Հանրապետության հայկական դպրոցները։

ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդականի գրասենյակի համատեղ մշակմամբ՝ «Քույր դպրոցներ» ծրագիրն ընթացքի մեջ է։ Այն կրում է ինստիտուցիոնալ և շարունակական բնույթ:

Առաջին փուլում ԱՀ Մարտակերտի շրջանի հինգ միջնակարգ դպրոցները՝ Մարտակերտի թիվ 1, Հաթերքի, Վաղուհասի, Գետավանի և Մաղավուզի, քույրացման ծրագրի մեջ են Լիբանանի Հանրապետության հինգ դպրոցների հետ՝ ՀԲԸՄ Պողոս Կ.Գարմիրյան դպրոց, Հայ Ավետարանական քոլեջ – ավագ դպրոց, Վահան Թեքեյան վարժարան, Հայ Կաթողիկե Սուրբ Խաչ Հարպոյան ավագ դպրոց, Հայ Ավետարանական կեդրոն բարձրագույն դպրոց:

Օրերս ZOOM հարթակում դպրոցների միջև տեղի են ունեցել ծանոթության հանդիպումներ և առաջիկա ծրագրերի մշակմանը նվիրված քննարկումներ: Հանդիպումներն անցել են ջերմ մթնոլորտում՝ երկուստեք կարևորելով «Քույր դպրոցներ» ծրագրի խիստ անհրաժեշտությունը և ծրագրի միջոցով Արցախ – Սփյուռք կապի է’լ ավելի սերտացումը:

Ծրագիրն իրականացվում է ԱՀ նախագահի խորհրդականներ Լ. Ղարախանյանի, Ա. Սիմոնյանի և ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Ա. Գյանջումյանի անմիջական մասնակցությամբ:«Քույր դպրոցներ» ծրագիրը կդառնա միասնական հայրենիք ստեղծելու գաղափարական ազդակներից մեկը:

Կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության և Սփյուռքի հայկական վարժարանների և դպրոցների միջև «Քույր դպրոցներ» ծրագիրը, որի հայեցակարգը ներկայացվում  է ստորև: