ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մունք» տեխնոդպրոցի դրամահավաքն ավարտված է – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մունք» տեխնոդպրոցի դրամահավաքն ավարտված է

Երբ լավագույն գաղափարներով, ժամանակակից մտածողությամբ, ապագան փոխելու պատրաստ մարդիկ հավաքվում են, խելք խելքի, ձեռք ձեռքի տալիս, «Ես»-ն անպայման դառնում է «Մունք»։ Հաջողությամբ իրականացնելով Մարտունու շրջանում պատանիների տեխնոկրթության ապահովման ծրագրի առաջին փուլը՝ «Ես» կրթական հիմնադրամը համարձակ քայլերով անցավ 2-րդ փուլին՝ Հաղորտիում տեխնոդպրոց հիմնելու գաղափարի իրագործմանը։ Այն տեխնիկական ուղղվածությամբ մասնագիտական կրթության հնարավորություն է ստեղծելու Մարտունու շրջանի երեխաների համար։ Տեխնոդպրոցի գաղափարի իրագործման համար դեռ հոկտեմբերին հայտարարված դրամահավաքն ավարտված է․ անհրաժեշտ 67․500․000 դրամը հավաքվել է։

Տեխնոդպրոցի ապագա շահառուները, նրանց ծնողները, շրջանի և համայնքի ղեկավարությունը, reArmenia հարթակի թիմը, բոլոր այն մարդիկ, ովքեր այս ընթացքում իրենց ներդրումն են ունեցել տեխնոդպրոցի ստեղծման գործում, այս օրերին եկել-հավաքվել էին Հաղորտիում՝ միմյանց շնորհավորելու և ազդարարելու՝ «Մունքը» կառուցվելու է՝ իրականացնելով 100-ավոր երեխաների տեխնոլոգիական կրթություն ստանալու երազանքը։ Միջոցառմանը ներկա էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը «Մունք» տեխնոդպրոցի գլխավոր աջակիցներից է․ հավաքված առաջին 14 միլիոնը կրկնապատկվել է նախարարության կողմից։ Միջոցառման ընթացքում կազմակերպիչները ներկայացրել են դրամահավաքի ընթացքը, պատմել նպատակների, ապագա անելիքների ու ակնկալիքների մասին։ Մինչ այս պահը շրջանի ոչ բոլոր համայնքները հնարավորություն ունեին օգտվելու «Ես» կրթական հիմնադրամի ծրագրերից։ Տեխնոդպրոցի բացումով այս հարցին էլ լուծում կտրվի։ Այն սպասարկելու է ամբողջ Մարտունու շրջանը։ «Այս պահի դրությամբ դպրոցը հնարավորություն ունի կրթությամբ ապահովել մինչև 300 աշակերտի։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նպատակ ունենք ամռանն ավարտին հասցնել»,- նշեց «Ես» կրթական հիմնադրամի ղեկավար Աշոտ Ավանեսյանը։

Տեխնոդպրոցի շահառուները կարող են մասնագիտական կրթություն ստանալ ծրագրում ընդգրկված 4 ուղղություններով՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն, դիզայն և մարքեթինգ։ Մասնագիտությունների ցանկը կարող է ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվել՝ կախված աշխատաշուկայի պահանջարկից։ «Մունք»-ի թիմը համոզված է՝ ժամանակակից կրթությունն ու հնարավորություններն Արցախ բերելով, երիտասարդներին պահանջված մասնագիտություն տալով՝ մենք կունենաք զարգացած համայնքներ և մրցունակ մասնագետներ։