ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ գեղանկարչությունը՝ ինտելեկտուալ խաղի թեմա – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ գեղանկարչությունը՝ ինտելեկտուալ խաղի թեմա

Փետրվարի 16-ին, Ստեփանակերտի պատկերասրահի եւ ԱրՊՀ-ի համագործակցությամբ Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվեց հայ անվանի նկարիչների ու  նրանց գործերի թեմայով ինտելեկտուալ խաղ։

Կազմակերպիչների կարծիքով, նման հանդիպումները գեղագիտական դաստիարակության յուրօրինակ ձեւ են։ Դրանք  ուսուցողական բնույթ են կրում եւ երիտասարդության շրջանում մեր  մշակույթի, արվեստի գործերի հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելու նպատակ  ունեն:

Այս անգամ հայ գեղանկարչությունից ունեցած գիտելիքները փորձելու էին եկել ԱրՊՀ 5 ֆակուլտետները ներկայացնող թիմեր։ Իսկ առաջադրանքը մեկն էր՝ գուշակել ներկայացվող կտավների հեղինակներին։

Ինտելեկտուալ թեժ պայքարի արդյունքում տնտեսագիտական եւ բնագիտական ֆակուլտետների թիմերը գրավեցին  առաջին հորիզոնականը: Ի վերջո,  որոշում կայացվեց հաղթանակը  կիսել բոլոր թիմերի հետ: ԱՀ  ԿԳՄՍ նարարության կողմից նվերներ ստացան խաղի մասնակից բոլոր թիմերը:  «Հաղթանակը բոլորի միջև կիսելու փաստը խոսում է այն մասին,   որ մենք մի թիմ, մի ընտանիք ենք։ Միայն թշնամու հանդեպ տարած հաղթանակն է, որ չպիտի զիջենք։ Կրթվե՛ք, զարգացե՛ք, այսօր առավել քան երբեք անհրաժեշտ է բոլոր ոլորտներում արագ ու սրնթաց զարգացումը»,-իր խոսքում նշեց փոխնախարար Գայանե  Գրիգորյանը:

Ստեփանակերտի պատկերասրահի նախաձեռնությամբ կազմակերպվող նման ինտելեկտուալ խաղերը շարունակական բնույթ են կրելու՝  ընդգրկելով նաև այլ բուհերի ուսանողների: