ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շուշիի գորգերի թանգարանի ճակատագիրը ԱՀ ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շուշիի գորգերի թանգարանի ճակատագիրը ԱՀ ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում

2020թ. պատերազմի հետևանքով Ադրբեջանի բռնազավթման տակ անցած Շուշիի գորգերի թանգարանից փրկված հավաքածուն եղել և մնում է Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում:

Կիսելով արցախյան գորգերի հավաքածուի հանդեպ ունեցած սեփականատիրոջ՝ Վարդան Ասծատրյանի մտահոգությունը՝ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում ազգային արժեքների պահպանման ուղղությամբ: Նախարարությունում բազմաթիվ քննարկումներ են անցկացվել Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուի ճակատագրի վերաբերյալ, և քանիցս հավաքածուի սեփականատիրոջը գրավոր ու բանավոր կերպով առաջարկվել է Արցախ տեղափոխել այն՝ հանձնելով պետական պահպանության ու պաշտպանության: Միևնույն ժամանակ, մենք բարձր ենք գնահատում Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությունը հետպատերազմյան ժամանակաշրջանում գորգերի հավաքածուի պահպանման ու ցուցադրման գործում:

Մենք պատրաստակամություն ենք հայտնել Ստեփանակերտում տրամադրել համապատասխան շենք հավաքածուի համար, ինչպես նաև թանգարանին տալ պետական կարգավիճակ՝ հոգալով պահպանման բոլոր ծախսերը: Այնուամենայնիվ, Վարդան Ասծատրյանը մշտապես պնդել է հավաքածուի վաճառքի առաջարկը՝ հիմնավոր չհամարելով Արցախի կառավարության կողմից տրվող պայմաններն ու անվտանգության երաշխիքները: Հաշվի առնելով, որ հավաքածուի սեփականատիրոջ կողմից հարցը շարունակաբար շահարկվում է լրատվամիջոցների միջոցով՝ ենթադրաբար հավաքածուի գնման որոշման համար անընդունելի ճնշում գործադրելու նպատակով՝ ստիպված ենք մի քանի փակ զգուշացումներից հետո հանդես գալ հանրային պարզաբանումներով ու առաջարկով.

  • Առաջին՝ ԱՀ կառավարությունը պատրաստ է ապահովել գորգերի հավաքածուի տեղափոխությունն Արցախ և հավուր պատշաճի պահպանումն ու պաշտպանությունը՝ տրամադրելով համապատասխան շենքային պայմաններ, պահպանման բյուջե և թանգարանի պետական կարգավիճակ՝ միաժամանակ երաշխավորելով Վարդան Ասծատրյանի սեփականության իրավունքի պաշտպանությունը: Բնականաբար, պատրաստ ենք առաջարկվող պայմաններն ամրագրել նաև պատշաճ գրավոր ձևով: Հիշեցնենք, որ Շուշիում ևս տարիներ շարունակ կառավարությունը ապահովել է հավաքածուի պահպանման ծախսերը և, սեփականատիրոջ խնդրանքի հիման վրա, պատերազմի ժամանակ աջակցել Շուշիից գորգերի տարհանման աշխատանքներին:
  • Երկրորդ՝ ցավալի ու զարմանալի են սեփականատիրոջ այն պնդումները, որ մեր կողմից հավաքածուի անվտանգության բավարար երաշխիքներ չեն տրամադրվում՝ անտեսելով այն հանգամանքը, որ նույն երաշխիքները գործում են նաև Արցախում բնակվող յուրաքանչյուր անձի անվտանգության համար: Անընդունելի են անվտանգության երաշխիքների նման շահարկումները, առավել ևս, երբ տեսանելի է դրանց տողատակը:
  • Երրորդ՝ ԱՀ կառավարությունը ներկայումս չի պատրաստվում որևէ կերպ քննարկել գորգերի հավաքածուն գնելու առաջարկը, քանի որ հետպատերազմյան հրատապ ու առաջնահերթ կարիքների պայմաններում ողջամիտ ու բարոյական չենք համարում նման գնում կատարել: Տեղեկացնենք, որ սեփականատերն առաջարկել է 1 մլն դոլլարով գնել հավաքածուն, իսկ սկզբնական փուլում շատ ավելի բարձր գին էր ներկայացվում: Մեր կողմից առաջարկվել է նախևառաջ փորձագիտական գնահատում իրականացնել՝ պատկերացում կազմելու համար հավաքածուի իրական արժեքի վերաբերյալ: Փորձագիտական գնահատման նախնական արդյունքներով գորգերի հավաքածուի արժեքը զգալիորեն ավելի ցածր է, սակայն, այնուամենայնիվ, դա չի ազդում հավաքածուն գնելու հարցն այս փուլում չքննարկելու մեր դիրքորոշման վրա: Կառավարությունը պատրաստ է Արցախում ապահովել հավաքածուի պահպանման ու հանրահռչակման բոլոր պայմանները՝ առանց ներկայումս կամ ապագայում այն գնելու հնարավորության հետ կապված որևէ նախապայմանի: Ուստի՝ մենք հակված ենք, որ հավաքածուն գնելու հարցի քննարկումը պետք է թողնել ապագային՝ ամբողջովին երաշխավորելով Վարդան Ասծատրյանի սեփականության իրավունքը:
  • Չորրորդ՝ հարգելով հավաքածուի սեփականատիրոջ ցանկացած որոշում՝ միևնույն ժամանակ հորդորում ենք նրան զերծ մնալ ԱՀ կառավարության հետ քննարկումների ու բանակցությունների շուրջ շահարկումներից և փոխադարձաբար հարգել կառավարության պատրաստակամությունն ու սկզբունքային դիրքորոշումները: Մենք մշտապես բաց ենք քննարկումներում վերոշարադրյալ սկզբունքների հիման վրա ընդունել, պահպանել ու հանրահռչակել արցախյան գորգերի այդ բացառիկ հավաքածուն:

Հաշվի առնելով դրանց բացառիկ նշանակությունը, պատրաստ ենք պետական հոգածության տակ առնել գորգերի մասնավոր հավաքածուն, հատկացնել համապատասխան շենքային պայմաններ և մասնագետներ գորգերի խնամքի, պահպանման ու հանրահռչակման համար:

Հաշվի առնելով, որ գորգերը Արցախի հանրապետության ժառանգության մաս են կազմում և միաժամանակ ընթացքի մեջ է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հավաքածուի գնահատման արդյունքները, տեղեկացնում ենք, որ, հետպատերազմյան իրողություններով պայմանավորված առաջիկա երկու տարում հավաքածուն անհնար է գնել: Առաջին իսկ հնարավորության դեպքում նախարարությունը պատրաստակամ է այն ձեռք բերել: