ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է հայկական մշակույթի խեղաթյուրման յուրաքանչյուր փորձ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է հայկական մշակույթի խեղաթյուրման յուրաքանչյուր փորձ

Արցախում մշակութային ժառանգության պահպանությունը, հատկապես 44 -օրյա պատերազմից հետո, դարձել է առաջնային մարտահրավերներից մեկը: Հայկական մշակութային ժառանգության ֆիզիկական ոչնչացումը, բռնայուրացումը, ձևախեղումն ու վերանվանումը եղել և շարունակում է մնալ ադրբեջանական պետական հակահայկական քաղաքականության անբաժանելի մասը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ  համաձայնագրի  ստորագրումից ի վեր Արցախի՝  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած պատմամշակութային հուշարձանների հանդեպ վանդալիզմի դրսևորումներն անժխտելի  իրողություն են: Արբանյակային տեսանկարահանումներում ու  ադրբեջանական մամուլում պարբերաբար տեղադրվող  տեսանյութերում ակնհայտ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները հայկական մշակութային արժեքները ոչնչացնում և աղավաղում: Ուշագրավ են նաև Ադրբեջանի քաղաքական բարձր օղակների կողմից պարբերաբար տարածվող հայտարարությունները, որոնցում անթաքույց վտանգ ու սպառնալիք կա՝ ուղղված Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային արժեքների ոչնչացմանն ու վերափոխմանը: Ոչ պակաս վտանգավոր է  ադրբեջանական կողմի ձևակերպմամբ՝ «աղվանական և ուդիական պատմական հուշարձաներից հայկական հետքի մաքրմանը» միտված պետական քաղաքականությունը:

    Փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովն ուղիղ տեքստով հայտարարեց այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ բաղկացած աղվանական պատմության, մշակույթի և ճարտարապետության գիտակներից, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներից, ովքեր պետք է ուսումնասիրեն և ապա «հեռացնեն Արցախում աղվանական կրոնական կառույցների վրա հայերի կողմից գրված, ավելացրած կեղծ գրությունները, արձանագրություններն ու հետքերը»: Միանգամայն պարզ է, որ սրանով Ադրբեջանը պատրաստվում է ոչնչացնել Արցախում հայկական մշակույթի հետքերը  «աղվանական մշակույթի վերականգնման քողի ներքո»:

   ԱՀ  և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունները տարբեր առիթներով դիմել են միջազգային տարբեր կառույցների` ՅՈՒՆԵՍԿՈ (UNESCO), Թանգարանների միջազգային խորհուրդ ԻԿՈՄ (ICOM), Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ (WMF), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ICOMOS), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն (BSI), Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ICCROM), Հնագետների եվրոպական ասոցիացիա (EAA), Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանս (ALIPH), որպեսզի վերջիններս արձագանքեն, միջամտեն, կանխեն արցախյան մշակութային ժառանգության ոչնչացումը, անարգումը և աղավաղումը:

   Այս ապօրինի գործընթացի շարունակականության ու անպատժելիության դեպքում  հայկական ժառանգությունը կկորցնի իր հիմնական արժեքը, կզրկվի իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թ․ Ճապոնիայում ընդունված իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ԻԿՕՄՕՍ-ի և Բուրրայի խարտիայից այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Մեր մշակութային արժեքների միջազգային պաշտպանվածությունը բխում է նաև «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայից (արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները): Ոչնչացնելով ու անարգելով Արցախի  քրիստոնեական ժառանգության խորհրդանիշները՝ Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունը իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։

   Հերթական անգամ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում և կոչ է անում մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և կազմակերպություններին պատժիչ ու կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել՝ ի փրկություն Արցախի դարավոր հայկական մշակութային ժառանգության: