ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի գիտական կենտրոնում նոր արտադրամաս է բացվել – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի գիտական կենտրոնում նոր արտադրամաս է բացվել

Հունվարի 29-ին տեղի է ունեցել «Նարինե պլյուս » կաթնամթերքի արտադրամասի բացումը: Կաթնամթերքը պատրաստվում է Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Արցախի գիտական կենտրոնի հետազոտական աշխատանքի գիտական վերջնարդյունքով։ Տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանն աջակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան։

Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը,կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը,գիտաշխատողներ,ոլորտի պատասխանատուներ։

«Մենք այս օրվան երկար ենք սպասել։ Հուսով եմ՝ մեր թողարկած արտադրանքը պահանջարկ կվայելի ինչպես արցախյան շուկայում,այնպես էլ նրա սահմաններից դուրս»,-ողջույնի խոսքում ասաց Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը։ Նա իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց,ովքեր աջակցել և իրենց ներդրումն են ունեցել գործը գլուխ բերելու համար։ Ա. Սարգսյանի խոսքով՝ սա դեռ սկիզբն է. Կենտրոնի տնօրինությունն իր առջև խնդիր է դրել իրականացված հետազոտությունների արդյունքները տեղում արտադրության մեջ ներդնելու։

Շնորհավորանքի խոսքում ԱՀ ԿԳՄՍ նախարարը մասնավորապես նշեց. «Աշխարհը և արտադրությունները սպասում են գիտական տեխնոլոգիաների ու կիրառական արդյունքի: Սա մեր լավ սկիզբն է, նոր պատուհանն է, և ես հավատում եմ Գիտական կենտրոնի թիմին: Համոզված եմ, որ 2022 թվականը արդյունավետ և, իսկապես, նոր պատուհանի տարի է լինելու։»

«Նարինե պլյուս» կաթնամթերքի արտադրանքի գիտական խմբի ղեկավար Արև Իսրայելյանը որոշ տեղեկություններ ներկայացրեց. ««Նարինե պլյուս» կաթնամթերքն ունի բարձր հակաօքսիդանտային և հակամանրէային ակտիվություն՝ լայն սպեկտրի ախտածին և պայմանական ախտածին բակտերիաների նկատմամբ:Ամենօրյա օգտագործման դեպքում այն կանխում է դիսբակտերիոզը: Հաշվի առնելով կենտրոնի հնարավորությունները, օրվա կտրվածքով հնարավոր է արտադրել մինչև 300 տուփ:Արտադրանքի գինը կլինի 300-340 դրամ: Փետրվարի 1-ից «Նարինե պլյուս»-ը դեղատներում կներկայացվի սպառողին»: