ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 100 տարեկան է – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 100 տարեկան է

Ուղիղ 100 տարի առաջ հունվարի 26-ին պատմական մեծ իրադարձություն է տեղի ունեցել Երևանի մշակութային կյանքում։ Հայոց հնագույն մշակույթի բաղկացուցիչ Քրիստոսի ծննդից առաջ Տիգրան Մեծի հիմնադրած բացօթյա թատրոնը շարունակություն ունեցավ և որպես առաջին պետական թատրոն հանդես եկավ հայ դասական Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի առաջնախաղով։ Տասնյակ տարիներ անց՝ 1960 թվականին, թատրոնը ստացավ ակադեմիական կարգավիճակ։ Իր լավ ու վատ օրերով թատրոնն ապրում է, ապրեցնում։ Հայ դասականների գործերը համազոր էին և են ներկայացվում համաշխարհային դասականների գործերին։ Թատրոնի նախկին և ներկայիս ռեպերտուարում իրենց ամրագրված տեղն ունեն շեքսպիրյան ներկայացումները։ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեկդարյա բեմն ինքնամաքրման, ինքնազուլալման, ինքնակայացման տարավ բյուր-բյուրավոր հանդիսականների։ Գեղարվեստական առաջին ղեկավար և ռեժիսոր Լևոն Քալանթարի ներկայացումներից մինչև այսօր (ընդհուպ մինչև այս ժամը) դերասանների բեմելը շնչամույն լինելու չափ ազնվացրել է մարդկանց, արարչական ամենամեծ շնորհներով օժտել հոգիներին, հագեցրել զգացմունքներ։ Քանի-քանի ջեռ զգացում է ծնվել թատրոնի ներսում, վերափոխվել սիրո երանության, ապրել երկար ու երջանիկ։ Ինչ արցունքներ են հոսել սրտակեղեք դրվագներից, ինչ հույսեր են արթնացել ամենադաժան խաղային տեսարաններից․․․ Բայց վարագույրների փակվել-բացվելուց հետո ամեն ինչ տեղն է ընկել։ Որպես մեկդարյա դերասանական աստղաբույլի Պառնաս (Պառնասը թարգմանաբար՝ տուն, բնակատեղի, այս անգամ ոչ թե բանաստեղծների կամ աստվածների, այլ դերասանների), Սունդուկյանի թատրոնն իր ոգեղեն ամրոցներով ու գեղագիտական հանճարով շարունակում է մնալ մշակութային աննվաճ տարածք։ Սիրելի սունդուկյանցիներ, հարգելի՛ պարոն Մկրտչյան, հարգելի՛ պարոն Էլբակյան, շնորհավոր ձեր մեկդարյա հոբելյանը։ Ձեզ նոր՝ դարակազմիկ մեկնարկ ենք մաղթում երկրորդ և հաջորդ հարուրամյա հոբելյանների կապակցությամբ։ Ձեզ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ՝ հոգևոր ամուր թելերով կապերի սրբագրում։ Ձեր երթին՝ եթերային թեթևությամբ ու խորհրդավորությամբ շերտեր ու հանգրվաններ, որպեսզի հաղորդակցությունը Մեծիդ հետ լինի անկաշկանդ ու սպասված։