ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց հայ պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Ռազմիկ Դավոյանը։

Գրական ասպարեզ մտնելով անցյալ դարի 60-ական թվականներին՝ նա ստեղծեց նուրբ և միևնույն ժամանակ պոռթկուն գրական ժառանգություն՝ դառնալով դասական ավանդույթների շարունակողն ու նորարարության ջատագովը։ Դավոյանի բանաստեղծական ուղին խռովքի և արարման ուղի է։ Նա իր պոետական տողերում արտացոլել է անհատի բարդ և հակասական ճագատագիրը, հայ ժողովրդի պատմական անցյալը։

Սերունդների հիշողության մեջ միշտ կմնա նրա «Ռեքվիեմ» պոեմը, որը հեղինակի լերան աղոթքի սկիզբն ու վերջը կարելի է համարել. քնարական հերոսի հոգեկան դրամայի հիմքում ընկած է հայ ժողովրդի պատմական հիշողությունը, ներկայի աղաղակող վիշտը և ապագայի հանդեպ վախի սարսուռը, քանզի «Շարժվում է սայլը զազրամիտ Նեռի»։

Բանաստեղծի հասարակական, գրական գործունեությունը գնահատվել է արժանվույն. 1985 թվականին արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1998-ին պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով։ Ռազմիկ Դավոյանի փիլիսոփայական խտացումները մեր այսօրվա և վաղվա մասին են, այդուհանդերձ՝ մշտաներկա։

Մեր խոնարհումն ու խնկարկումը բանաստեղծին։