ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ-իտալական կրթահամալիրը գրանցում է առաջին արդյունքները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ-իտալական կրթահամալիրը գրանցում է առաջին արդյունքները

Այն պահից ի վեր, երբ իտալացի հայտնի գրող, գիտնական, հրապարակախոս Անտոնիա Արսլանն իմացավ իր հայկական ծագման մասին, որդեգրեց Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունն օտար երկրներում ներկայացնելու առաքելությունը։ Արմատներին մերձենալու մղումը չէր կարող գրող-գիտնականին չհասցնել Արցախ։ Շարունակական այցերն ամուր հիմքեր ստեղծեցին Արցախում կրթամշակութային մի շարք նախագծերի համար: Ի թիվս շատ ծրագրերի, ծնվեց նաև Արցախում ժամանակակից պահանջներին համահունչ կրթական հաստատություն հիմնադրելու գաղափարը, հաստատություն, որը կամուրջ կդառնար Արցախի և Իտալիայի, արցախցիների ու Անտոնիա Արսլանի միջև: Գաղափարին հավատարիմ ու գործին պինդ կառչած Անտոնիային ու նրա գաղափարակից թիմին անգամ պատերազմը չխանգարեց: Ցավին հակառակ, փյունիկի պես վեր հառնելու կամքով և կիսատ թողած գործերը շարունակելու մեծ վճռականությամբ՝ 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի հունիսի 15-ին, Ստեփանակերտում հիմնադրվեց «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամը:

Այսօր կրթահամալիրի 21 մասնագիտական խմբերում («Կարի արտադրության տեխնոլոգիա», «Հանրային սննդի մատուցում», «Խոհարարական գործ», «Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա», «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում», «Հրուշակեղենի տեխնոլոգիա», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում») սովորում է մոտ 600 աշակերտ և ուսանող: Հագեցած սարքավորումներով արհեստանոցներում սիրով դասավանդում են նաև իտալացի վարպետներ։ Հումքը բերվում է Իտալիայից, օգտագործվում է նաև տեղականը: Կրթահամալիրի մի քանի ամիսների աշխատանքն իր տեսանելի արդյունքն ունի արդեն: Նոր տարվա նախաշեմին «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները, որպես փոքրիկ հաշվետու աշխատանք, կազմակերպել էին իրենց իսկ կարած հագուստի դեֆիլե: Քայլվածքում գուցե անվստահ, բայց ընտրած ճանապարհում վճռական արսլանականները համոզված են՝ իտալական տեխնոլոգիաների ու արցախյան ոգու համադրությամբ յուրահատուկ արտադրանք կարող են ունենալ:

Կրթահամալիրի տնօրեն Տաթևիկ Զաքարյանը հավատացած է՝ եթե դասավանդողը սիրով փոխանցի իր գիտելիքները, իսկ սովորողը սիրով սովորի, ամեն բան կստացվի։ «Դպրոցը բոլոր դարպասների բանալին է: Դպրոցի առաքելությունն է` ուղղորդել յուրաքանչյուրիդ՝ ձեր մեջ բացահայտելու լավագույնը և զարգացնելու այն»:

Առաջին արդյունքների ցուցադրման օրը կրթահամալիրի կողքին էին հիմնադրամի բարեկամները՝ ԱՀ առաջին տիկին Քրիստինե Հարությունյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, գերատեսչության անդամներ: Ողջունելով ներկաներին ու կրթահամալիրի սաներին՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը վստահեցրեց, որ հայ- իտալական կրթահամալիրը 2021 թվականի հաջողված նախագծերից է: «Մեր ազգը իր հազարամյակների պատմության մեջ մեկենասների պակաս չի ունեցել: Միշտ ունեցել ենք մարդիկ, որոնք հովանավորել են գիտելիքը, ինտելեկտը, լույսը: Մենք այսօր մեկ անգամ ևս նույնականացվեցինք մեծ հայի՝ Անտոնիա Արսլանի հետ, ով մեզ վերադարձնում է մեզ, ով մեզ պարբերաբար կապում է մեր անցյալին, ով մեզ պարբերաբար պատմություն է սերտել տալիս, ով պարզապես մեզ հայ է պահում»-, իր խոսքում նշեց նախարար Լ.Ղարախանյանը:

Ամանորի նախաշեմին կրթահամալիրի սաներին և ներկաներին շնորհավորական տեսաուղերձներ հղեցին հիմնադրամի պատասխանատուները, բարեկամներն ու հարազատները: Իտալիայից արսլանականնեերին շնորհավորեց կրթահամալիրի հիմնադիր Անտոնիա Արսլանը՝ նշելով, որ անչափ ուրախ է տեսնել հայ-իտալական դպրոցի առաջին պտուղները:


Ցուցադրությանը մասնակից ուսանողներին նախարար Լ․ Ղարախանյանը նվիրեց Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը»՝ իրենց բաժին հասած ժառանգությունը ամուր պահելու հորդոր-ակնկալիքով։