ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերադարձե՛ք Արցախ, վերադարձեք – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերադարձե՛ք Արցախ, վերադարձեք

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական  կենտրոնի սաների նկարներն ու  ձեռքի աշխատանքները վաղուց են գրավել արվեստասեր հասարակության ուշադրությունը: Աշխատանքների մի մասն այս օրերին ցուցադրվում է Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում:  Ցուցահանդեսի բացումը երեկ էր՝ դեկտեմբերի 16-ին: Թեև աշխատանքները տարաբնույթ են ու ինքնատիպ, բայց և միահյուսված են կարոտի, սիրո, սպասումի ու հույսի երանգներով, ինչն առանձնակի ջերմություն է փոխանցում այցելուներից յուրաքանչյուրին:

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը մեծ ոգևորությամբ է խոսում կենտրոնի իրականացրած ծրագրերից, բայց կրկնակի ոգևորությամբ՝ անելիքներից: «Հայրենի բնակավայրերից, տնից կտրված, ՀՀ մարզերում ժամանակավորապես բնակություն հաստատած հադրութցիները չեն դադարում ստեղծագործել: Այս ամենը ստեղծվել է երեխաների և մեր խմբակավարների քրտնաջան աշխատանքի արդյունքում, ազգայինի հանդեպ ունեցած մեծ սիրուց: Հենց այսպես ներկայացնում ենք Հադրութը  Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այս տարվա ընթացքում Հայաստանում մասնակցել ենք  19 ցուցահանդեսի»:  Ապագայի ծրագրերը չի մանրամասնում. ամեն ինչ յուր ժամանակին: Փոխարենը բարձրաձայնում է. «Խնդրանքս է բոլորին՝ հադրութցիներին, շուշեցիներին, մեր բոլոր տեղահանված հայրենակիցներին, վերադարձե՛ք Արցախ, վերադարձեք. միայն այսպես կարող ենք եղածը պահպանել:»

Ցուցահանդեսին ներկա էին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բարեկամները, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ այսօր բազմաշնորհ ու ստեղծագործող հադրութցու կողքին են:

Հիշեցնենք՝ ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը:

  Մուտքն ազատ է: