ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 2-3-ը Փարիզում տեղի ունեցած անդամ-պետությունների 16-րդ հանդիպմանը Ադրբեջանը 4 տարով ընտրվել է Կոմիտեի անդամ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող  https://monumentwatch.org/  կայքից․ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգայնորեն սահմանված առաջնային կառույց, ցույց է տալիս հերթական ակնհայտ հակասությունը իր իսկ կողմից սահմանված սկզբունքների և իրականության միջև։ Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեում Ադրբեջանի 4 տարով ընտրությունը, որպես կոմիտեի անդամի և ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից 1999 թվականին ընդունված «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» երկրորդ արձանագրության կիրարկման պատասխանատուի կարգավիճակն այս դեպքում բազմաթիվ հակասություններ է պարունակում։ Աներկբա է, որ Ադրբեջանը, գոնե երկրորդ արձանագրության ընդունումից ի վեր (1992 թ․), թերևս այն եզակի պետություններից է, որն ամենաշատն է խախտել հենց այդ նույն արձանագրության մի շարք դրույթները։ Ինչպես վերևում տեսանք, արձանագրությունն ընդունվել էր, որպեսզի էլ ավելի կարևորեր զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանությունը, սահմաներ քրեական պատասխանատվություն թե անձնական և թե պետական մակարդակում այն խախտումների հետ կապված, որոնք առնչվում էին պատերազմի ժամանակ կամ օկուպացված տարածքներում մշակութային արժեքների վնասի կամ ոչնչացման հետ, որպեսզի թույլ չտար առանց նախազգուշացման մշակութային կառույցը հարձակման թիրախ դարձնել, որպեսզի կանխեր պատմական ապացույցների ոչնչացումը, վանդալիզմի, կողոպուտի, և թշնամանքի անխտիր բոլոր գործողությունները։ Բայց, ի հեճուկս իրականության, Ադրբեջանը իր կատարած խախտումների դիմաց պատասխանատվության փոխարեն դառնում է կոնվենցիայի կիրարկման համար պատասխանատու և լիազոր ներկայացուցիչ։ 1999 թվականի Երկրորդ արձանագրությունն ընդունվել էր, որպեսզի կանխեր պատերազմի ընթացքում Ղազանչեցոցի ռմբակոծումը, օկուպացված տարածքներում մի շարք եկեղեցիների, խաչքարերի, Արցախյան ազատամարտին ու Ցեղասպանությանը նվիրված հուշարձանների ավերումը, մերօրյա արժեների կորուստը, հայկական քրիստոնեական եկեղեցիների բռնյուրացումը՝ աղվանական և ուդիական հռչակելը և այլն, բայց արիուտես, որ Ադրբեջանը ոչ միայն չկատարեց 1999 թվականի երկրորդ արձանագրության կետերը՝ չնախազգուշացրեց Ղազանչեցոցի վրա հարձակվելուց առաջ, թիրախավորեց այլ մշակութային օբյեկտներ առանց ռազմական անհրաժեշտության սկզբունքը հաշվի առնելու, կեղծեց ու թաքցրեց հայ ինքնության պատմությունը, պատմական գերեզմանոցների վրա նոր ճանապարհներ կառուցեց, խաթարեց քրիստոնեական կառույցների ծիսական գործառույթը, բայցևայնպես նույն այդ դրույթների միջազգային «պաշտպանը» դարձավ»։

Իրադարձությանն անդրադարձել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը․ «Ադրբեջանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ ընտրվելու իրողությունն ինքնին խորը մտահոգությունների և անվստահության մթնոլորտ ձևավորելու հիմնավոր պատճառ դարձավ համամարդկային մշակութային ժառանգության պահպանման առաքելությամբ կյանքի կոչված միջազգային հիշյալ կազմակերպության նկատմամբ: Հատկապես վերջին տասնամյակներում Ադրբեջանի կողմից հայատյացության խորապատկերի ներքո հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացրած բացահայտ վանդալիզմի քաղաքականության մասին փաստարկները բազմիցս ներկայացվել են միջազգային ամենատարբեր հարթակներում: Սակայն արդյունքում այդ պետությունը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև շարունակելու միանգամայն ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել հատկապես 2020թ. սեպտեմբերին իր իսկ կողմից սանձազերծված պատերազմի թե ընթացքում և թե պատերազմից հետո՝ նախաձեռնելով ու ոչնչացնելով Արցախի Հանրապետության իր կողմից բռնազավթված տարածքներում առկա, բացառապես հայկական ծագման, բազմահազար պատմամշակութային տարաբնույթ հուշարձանները: Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Պատերազմի ավարտից հետո պայթեցվեց Ղարաբաղցոց Ս.Ամենափկիչ եկեղեցին, շարունակվող վանդալիզմի զոհ դարձան մշակութային բազմաթիվ հաստատություններ, ինչի մասին փաստում են իրենց իսկ կողմից համացանցում տեղադրված տեսանյութերն ու լուսանկարները: Իսկ ներկա ժամանակներում Ադրբեջանում հայատյացության խորապատկերի վրա երկրի նախագահի մակարդակով հայկական հուշարձանների ոչնչացման, հուշարձաններից հայատառ գրությունների վերացման մասին հրահանգները լուրջ ապացույցներ են այն մասին, որ այդ երկիրը շարունակում է մնալ որպես համամարդկային քաղաքակրթության թշնամի: Թվում է միջազգային կառույցների կողմից այդ ամենի նկատմամբ արձագանքները պետք է լինեին համարժեք, սակայն, տարաբախտաբար, ականատես ենք լինում միանգամայն հակառակ վերաբերմունքին»: