ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Դժոխքի ձոր»-ի պատկերները – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Դժոխքի ձոր»-ի պատկերները

Ստեփանակերտի պատկերասրահը դեկտեմբերի 8-ին հյուրընկալեց արցախյան երեք պատերազմների մասնակից, գեղանկարիչ Սևադա Սարգսյանին ու նրա՝ «Դժոխքի ձոր» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Սևադա Սարգսյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Պատերազմը սկսելուն պես, թողնելով ընտանիքն ու իր գործը, շտապեց Արցախ և միացավ Բերձորի պաշտպանության համար կռիվ մղող տղաներին: «Ցուցահանդեսի միտքը ծագեց պատերազմի ամենադժնդակ օրերին: Զանգեցի Սևադային, զանգիս պատասխանեց՝ ասելով, որ Դժոխքի ձորում է: Այլայլվեցի: Մենք բոլորս այդ օրերին ասես դժոխքի ձորում լինեինք, բայց հասկացա, որ Սևադան բառի բուն իմաստով դժոխքի ձորում էր: Մարտադաշտում գեղանկարիչը շարունակեց արվեստագետ մնալ, ստեղծագործել, էսքիզներ անել: Եվ այդ էսքիզներից էլ ծնվեցին այսօրվա ցուցահանդեսի նկարները»,- պատմում է «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի ի տնօրեն Լուսինե Գասպարյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը շնորհավորեց գեղանկարչին ու իր խոսքում մասնավորապես նշեց. «Մեր հոգու առեղծվածում կա ու շարունակում է որպես վարքականոն մնալ ստեղծագործ աշխատանքը։ Մենք շարունակում ենք վերքերից երգեր շինել, ինչպես դուք եք դա արել։ Ուսումնասիրեցի բոլոր նկարները։ Բոլորն էլ պատերազմոտ են, անգամ անհոգ թվացող թեյնիկն իր մեջ ունի տագնապ ։ Բայց բոլոր նկարներում զարմանալիորեն կա այգաբաց, դժոխքին փոխարինող դրախտի բարձունք, որտեղից երևում է լույսը։ Կեցցե՛ք, որ պատերազմել եք և պատերազմի ժամանակ չեք կորցրել գեղագիտական հայացքը, ճաշակը, և դրանք կտավին հանձնելով՝ այսօր մեզ եք փոխանցում:» Օգտվելով ստեղծված հնարավորությունից՝ նախարարը շնորհավորեց բոլոր նկարիչներին մասնագիտական օրվա կապակցությամբ, մաղթեց, որ ստեղծագործելու և ոգեշնչվելու առիթները միմիայն լինեն դրականը, լավը և հուսադրողը։

«Մեր գրպաններում միշտ մասուր կար և թեյնիկը բոլորիս հավաքում էր իրար շուրջը»,- հիշում է գեղանկարիչը:

«Մարտի դաշտում բացի զենքից, նաև վրձնով էի պայքարում և ցանկացա, որ այս էսքիզները, տպավորություններն անպայման փոխանցվեն աշխարհին։ Կերպարվեստը նաև հաղորդակցման, արհավիրքը փոխանցելու լեզու է: Եթե մենք բառերով ասում ենք ո՛չ պատերազմին, դա թարգմանել է պետք օրինակ՝ չինարեն, անգլերեն, իսկ կերպարվեստը թարգմանության կարիք չունի: Ամբողջ համապատկերը և գաղափարը սա է եղել»,-նշեց ցուցահենդեսի հեղինակը: Սևադա Սարգսյանի արվեստը մշտապես առանձնացել է իր ինքնատիպությամբ, գունապնակի յուրահատուկ մշակմամբ: Իսկ «Դժոխքի ձորում» ամեն բան է ինքնատիպ. և՛ պատերազմը, և՛ կորստի ցավը, անգամ հաճախ կրկնվող թեյնիկը, որ պատերազմական օրերի տագնապի մեջ իր բաժին ջերմությունն էր տալիս: Սևադա Սարգսյանի «Դժոխքի ձոր» խորագրով անհատական ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 15-ը: