ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի գիտական կենտրոնի փոխտնօրեն Արև Իսրայելյանը՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթող – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի գիտական կենտրոնի փոխտնօրեն Արև Իսրայելյանը՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթող

Ամփոփվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված՝ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի արդյունքները, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել Արցախի գիտական կենտրոնի փոխտնօրեն,կենսաբանական գիտությունների թեկնածու Արև Իսրայելյանը։ Մրցույթին ներկայացրած թեման գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկի՝ անասնապահության զարգացման վերաբերյալ էր՝ «Անասնակերերի (սիլոս) փոքրածավալ արտադրության նոր տեխնոլոգիայի մշակում» վերտառությամբ։

Հարկ է նշել, որ Արցախի գիտական կենտրոնի գիտաշխատողները մեկ անգամ չէ, որ մասնակցել են տարաբնույթ մրցույթների,և գրեթե ամեն անգամ մրցանակային տեղեր են զբաղեցրել։ Այս անգամ մրցույթն անցկացվել է հետևյալ՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական,տեխնիկական, գյուղատնտեսական,պատմական,տնտեսագիտական,բանասիրական, իրավաբանական,մանկավարժական,բժշկական,դեղագործական, արվեստագիտական,ճարտարապետական,հոգեբանական,ռազմական, սոցիոլոգիական, քաղաքական և տեղեկատվական տեխնոլոգիաների գիտությունների վերաբերյալ անվանակարգերում,ինչպես նաև՝ «Գիտություններ երկրի մասին» անվանակարգում։

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները։ Հայտարարված 20 անվանակարգերում ստացվել է 137 հայտ, որն աննախադեպ քանակ է մրցույթի պատմության մեջ: Մրցույթին մասնակցել են Հայաստանի և Սփյուռքի մինչև 35 տարեկան երիտասարդներ և հեղինակային խմբեր: