ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոր խաչքար՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մերձակա տարածքում – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոր խաչքար՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մերձակա տարածքում

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մերձակա տարածքում հոկտեմբերի 24-ին, հավատացյալներն ու ուխտավորները ներկա են եղել նորակառույց խաչքարի օրհնության կարգին (Տիրոջ ողորմությամբ առաջիկայում կկատարվի խաչքարի օծման կարգը)։ Խաչքարը կանգնեցվել է ՀԱԵ նվիրյալ զավակ, Գանձասարի հովանավորներից Արամ Ֆրանկյանի միջոցներով։ Հովանավորն այն նվիրել է իր սիրելի ծնողների և Արցախյան գոյապայքարի քաջարի զինվորների հիշատակին։Գանձասարի բարձունքին նոր խաչքարի ներկայությունը խորհրդանշում է օրվա տոնը՝ Խաչի գյուտը, ինչի կապակցությամբ Աստծո տանը մատուցվել է տոնական, սուրբ և անմահ պատարագ։ Պատարագիչ քահանան՝ Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը, քարոզում անդրադարձել է խաչի գյուտին պատմությանը, մեր կյանքում խաչի կորովի ու հաղթական ներկայությանը։Ավանդության համաձայն` Հռոմի Կլավդիոս կայսեր կինը` քրիստոնյա Պատրոնիկեն, ուխտի է գնում Երուսաղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Տյառնեղբայր Հակոբոս առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի խաչը, նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ, ծածկել էին հողով` հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Կայսրուհու միջնորդությամբ սուրբ խաչերը հանում են հողի տակից և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը` դրանց են մոտեցնում մահացած մեկին: Վերջինս Քրիստոսի խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբոս Տյառնեղբայրը նրան է նվիրում խաչից մի մասունք, որը կայսրուհին տանում է Հռոմ: Նվիրական խաչափայտի անգին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով հետագայում իր հետ բերում է Հայաստան: