ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քյաթուկում անցկավեց «ԳՈՒՊԱՐ» ազգային-ավանդական խաղերի մրցույթը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քյաթուկում անցկավեց «ԳՈՒՊԱՐ» ազգային-ավանդական խաղերի մրցույթը

Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը համատեղ առաջին անգամ «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթը կազմակերպել են Տողի մելիքական ապարանքում՝ նպատակ ունենալով նոր շունչ հաղորդել մոռացության մատնվող ռազմական մարզարվեստին, միաժամանակ հանրահռչակել Արցախի պատմամշակութային հուշարձանները։

2020 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի հետևանքում կորցրած Հադրութի շրջանի Տող գյուղից միջոցառումը տեղափոխվել է Ասկերանի շրջանի մեռնող Քյաթուկ գյուղ։ Այս տարի մրցույթն անցկացվեց հոկտեմբերի 16-ին։ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Արմինե Հայրապետյանն այսպես է մեկնաբանում որոշման գաղափարը․

-Քանի որ Քյաթուկը պատմական հարուստ անցյալ ունեցող, բայց նաև մեռնող գյուղ է, որոշեցինք այս անգամ հանրահռչակել Քյաթուկը, գուցե թե կարողանանք ուշադրություն հրավիրել փաստին՝ վերաբնակեցնելու դրախտային տարածքը։

Ինչո՞ւ մրցույթն անց է կացվում «Գուպար» խորագրի ներքո, ի՞նչ է գուպարը․ հարցնում էին մասնակիցներն իրար։ Գուպարն օրվա խաղացանկի հինգ խաղերից («Քաշոցի», «Աքլորակռիվ», «Լախտի», «Պարանի ձգում», «Կոխ») կոխի հոմանիշն է։ Գուպարը, որ նշանակում է կոխ, հայկական ավանդական ռազմախաղերից է, որտեղ ցուցադրվում է կողմերի ուժի և հնարամտության ցուցիչը։ Բոլոր հինգ խաղերն էլ մասնակիցներին մղում են պայքարի և դիմադրության՝ լարումից մինչև ուժերի սպառում՝ վաստակելով հնարավոր հաղթանակը։

Պատանիների խմբի (14-17 տարեկաններ) համար մրցատյանի որոշումն այսպիսին է․

1-ին տեղ՝ Մարտունու «Սոս» թիմ։

2-րդ տեղ՝ Ստեփանակերտի «Արցախ» թիմ։

3-րդ տեղ՝ Ասկերանի «Նշխար» թիմ։

Երիտասարդների խմբի (18-25 տարեկաններ) արդյունքներն էլ հետևյալ դասավորությունն ունեն․

1-ին տեղ՝ Մարտունու «Ամարաս» թիմ։

2-րդ տեղ՝ Ասկերանի «Բերդ» թիմ։

3-րդ տեղ՝ Շուշիի «Հարսանիք լեռներում» թիմ։

Լուսանկարները՝  aparaj.am լրատվականի կայքէջից