ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդաբերդի վանք – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդաբերդի վանք

«Հանդաբերդի վանք» հուշարձանը տեղակայված է անտառապատ լեռնաբազկի թեք լանջի վրա։ Բաղկացած է կառույցների երկու խմբից, որոնցից հիմնականը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, նրան կից երկու մատուռներից, ժամատուն-գավթից ու վերջինիս հյուսիսային կողմից կցված մատուռներից, արևմուտքից կցված զանգակատնից և տապանաբակից։ Հիմնական խմբից մոտ 10-12մ հյուսիս գտնվում է երկրորդ հյուսիսային մատուռի խումբը։ Գլխավոր եկեղեցուն կցված հարավային և հյուսիսային մատուռներն ունեն նույնատիպ՝ միանավ թաղածածկ դահլիճի հորինվածք։ Գավիթ-ժամատունը հատակագծում մոտավորապես քառակուսի է, որին հյուսիսային կողմից կցված է մատուռը։ Զանգակատունը հատակագծում ուղղանկյուն է, և համալիրի ամենաուշ կառույցն է։ Այն վերաբերում է ուղղանկյուն հատակագծով, աշտարակաձև զանգակատների տիպին։ Իր եզակի հատակագծային և ծավալատարածական հորինվածքով առանձնանում է նաև հյուսիսային կողմում առանձնացված մատուռը, որը ներսից՝ խաչաձև, դրսից՝ ուղղանկուն ոչ գմբեթավոր թաղակապ կառույց է։ Համալիրը պեղվել-մաքրվել է 2005-2007 թթ․հնագետ Հ․ Պետրոսյանի կողմից։ Վանական համալիրը վերաբերում է 13-14-րդ դարերին։