ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային փոքրամասնությունների ռազմավարական ծրագիր – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային փոքրամասնությունների ռազմավարական ծրագիր

I.  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     Ցանկացած երկրի միջազգային հեղինակությունը պայմանավորված  է  մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության, խղճի ազատության եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետությունում  իրականացվող քաղաքականությամբ: 

     Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված երկիր չէ, սակայն առաջնորդվում է միջազգայնորեն ընդունված մարդու  եւ քաղաքացու իրավունքներին  վերաբերող  հանրաճանաչ հռչակագրերով, մասնավորապես Եվրոպայի Խորհրդի «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանային հռչակագրով, որտեղ նշված է, որ  ազգային փոքրամասնությունների եւ այդ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը մարդու իրավունքների միջազգային պաշտպանության անբաժան մասն է եւ, որպես այդպիսին, հանդիսանում է միջազգային համագործակցության բնագավառ: Ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ, պետք է ունենա այդպիսին համարվելու կամ չհամարվելու, ազատ ընտրության իրավունք եւ այդ ընտրությունը կամ այն իրավունքների իրականացումը, որ կապված են այդ ընտրության հետ, չպետք է տվյալ անձին դնեն անբարենպաստ պայմաններում: Ազգային փոքրամասնությունների պատկանող անձիք, անհատապես, ինչպես նաեւ մյուսների հետ խմբերով, կարող են իրականացնել իրավունքներ եւ օգտվել ազատություններից, որոնք բխում են սույն շրջանակային Կոնվենցիայում ամրագրված սկզբունքներից:                                                                                                              

      Ըստ այդ հռչակագրի Արցախի Հանրապետությունը  ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար երաշխավորում է  օրենքի առջեւ հավասարությունը եւ օրենքով հավասար պաշտպանությունը: Այդ առումով,  արգելվում է ազգային փոքրամասնության պատկանելիության վրա հիմնված ցանկացած  խտրականություն  եւ  անհրաժեշտության դեպքերում, ձեռնարկում է  համապատասխան միջոցներ, որպեսզի տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ  մշակութային կյանքի բոլոր բնագավառներում, աջակցեն ազգային փոքրամասնությանը եւ հաստատվի բնակչության մեծամասնությանը պատկանող անձանց միջեւ լիակատար եւ իրական հավասարություն: 

     Արցախի Հանրապետությունը  նպաստում է նաեւ  ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց համար այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նրանց անհրաժեշտ են  իրենց մշակույթը պահպանելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ինքնության հիմնական տարրերը՝ կրոնը, լեզուն, ավանդույթները եւ մշակութային ժառանգությունը պահպանելու համար:   

     Ինտեգրացիոն քաղաքականության իրականացնելու ժամանակ ԱՀ-ն  ձեռնպահ է մնում ցանկացած քաղաքական կամ գործնական գործողություններից, որոնք հետապնդում են ազգային փոքրամասնությունների պատկանող անձանց, հակառակ նրանց կամքի, միաձուլելու նպատակ եւ այդ անձանց պաշտպանում է ցանկացած գործողություններից, որոնք ուղղված են այդպիսի միաձուլման: 

     Առաջնորդվելով Եվրոպայի Խորհրդի «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանային հռչակագրով Արցախի Հանրապետությունում պետականորեն գրանցում են ստացել երկրում բնակվող ռուսական եւ հունական համայնքները, որպես հասարակական կազմակերպություններ, իսկ ռուսական համայնքը նաեւ « Արցախի Ռուս Ուղղափառ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն:

II.    ԾՐԱԳՐԻ  ՄՇԱԿՄԱՆ  ՀԻՄՔԵՐԸ

     Ծրագրի  մշակման  համար  հիմք են  հանդիսացել` 

     Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, Եվրոպայի Խորհրդի «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանային հռչակագիրը, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», «Մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրը», «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի  դաշնագիրը:

III.  ԾՐԱԳՐԻ  ՆՊԱՏԱԿԸ  

ա) Ազգային փոքրամասնությունների համար ընդունված  միջազգային հռչակագրերի համապատասխան նպաստավոր պայմանների ստեղծումը:

բ) Ազգային փոքրամասնությունների կողմից ներկայացված ծրագրերի կատարմանը աջակցելը:

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ա) Պետականորեն գրանցված ազգային փոքրամասնության կազմակերպությունների պետականորեն  անհամաչափ ֆինանսավորումը :

բ) Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների ( ուկրաինացիների, վրացիների, եզդիների եւ ասորիների)  համայնքները պետականորեն գրանցելը:

գ) Հայ-պարսկական, հայ-վրացական եւ հայ-հունական բարեկամական կապի ամրապնդման համար պատգամավորական խմբերի ստեղծումը:

 V. ԱՐԴԻ ՎԻՃԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

    Արցախի Հանրապետությունում պետականորեն գրանցված են   ԼՂՀ «Ռուսական համայնք»  ՀԿ  եւ  «Արցախի Հանրապետության հունական համայնք»  ՀԿ:

    2015թ. մարդահամարի տվյալներով Արցախի Հանրապետությունում բնակվում են 238 ռուս, 53 ուկրաինացի, 32 հունացի, 12 վրացի, 12 ասորի, 10 եզդի եւ այլ ազգությունների 300 ներկայացուցիչներ:

   Համեմատաբար ակտիվ գործոնեություն է ծավայում ռուսական համայնքը: Համայնքը յուրաքանչյուր տարի պետությունից ստանում է ֆինանսական աջակցություն: Հունական համայնքը  վերագրանցման պահից (2012թ.) սկսած միայն 2019 թ. է  պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացել: 

   Արցախում բնակվող ազգային փոքրամասնությունների համար ստեղծված են  անհրաժեշտ  պայմաններ իրենց մշակույթը պահպանելու եւ զարգացնելու, կրոնը, լեզուն, ավանդույթները եւ մշակութային ժառանգությունը պահպանելու համար:  

VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Միջոցառումների համակարգը ներառում է  հետևյալ աշխատանքները

1. ԱՀ – ում բնակվող ազգային փոքրամասնությունների թվաքանակի վերաբերյալ մոնիտորինգի կազմակերպում:

2. Պետականորեն գրանցված ռուսական եւ հունական համայնքների հետ համատեղ միջոցառումների կազմակերպում :

3. Աջակցություն ռուսական համայնքին բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման համար:

4.Աջակցություն հունական համայնքին՝  «Հունական ակումբ»-ի կազմակերպման գործում, համապատասխան գրականության եւ անհրաժեշտ նյութերի ձեռքբերում:

5. Պոնտոսի հույների կոտորածներին նվիրված միջոցառման կազմակերպում ( մայիսի 19-ին) :

6. Հունաստանի Հանրապետության անկախության տոնին (մարտի 25-ին ):

7. Կիպրոսի անկախության տոնին( հոկտեմբերի 1-ին)  նվիրված միջոցառումների կազմակերպում:

8. Մեհմանա գյուղում  նոր ցուցանակի տեղադրում ( հայերեն, հունարեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով):

9. Մեհմանա գյուղի ազատագրմանը նվիրված միջոցառման կազմակերպում:                                                                                                                                                           

10. Արցախում բնակվող, պետականորեն չգրանցված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար քարոզչական բնույթի միջոցառումների կազմակերպում: Աջակցություն ազգային փոքրամասնությունների համայնքներին պետականորեն գրանցվելու համար:

11.Աջակցություն ազգային փոքրամասնություններին համատեղ հասարակական կազմակերպություն՝ կենտրոն ստեղծելու համար:

12. Օժանդակել Արցախում գործող ռուսական եւ հունական համայնքներին ՀՀ համապատասխան կազմակերպությունների հետ կապերի ստեղծման համար:

13. Աջակցել «Հայ-վրացական», «Հայ-հունական» եւ «Հայ-պարսկական» բարեկամության  միությունների ստեղծմանը:

14. ՀՀ եւ ԱՀ ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ Արցախում փառատոների կազմակերպում:

VII. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

    Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով  ապահովվելու է շահագրգիռ կողմերի` ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի, ԱՀ պետական կառավարման մարմինների, Արցախում պետականորեն գրանցված ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքը:

VIII. ԾՐԱԳՐԻ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ  ԵՎ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Սույն ծրագիրը   կիրականացվի  Արցախի  Հանրապետության պետական բյուջեի եւ Արցախի  Հանրապետության  օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: