ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ-ում ծագումնաբանական աշխատանքներ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ-ում ծագումնաբանական աշխատանքներ

Կ Ա Ր Գ

«Տոհմածառ»  հանրապետական երրորդ մրցույթի անցկացման

  1. Մրցույթի պատմությունը

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում 2014 թվականին անց է կացվել ծագումնաբանական աշխատանքների «Տոհմածառ»  հանրապետական առաջին մրցույթը:

2015 թվականին կայացել է երկրորդ մրցույթը, որին ԼՂՀ-ից և ՌԴ-ից մասնակցել են 13 անձինք:

Գնահատող հանձնախմբի որոշմամբ լավագույն աշխատանքներն արժանացել են համապատասխան մրցանակների: Սահմանվել են նաև խրախուսական մրցանակներ:

2. Մրցույթի նպատակները

  • ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանում.
  • պատմական, ծագումնաբանական և պատմաերկրագիտական գիտելիքների զարգացում.
  • հասարակության մեջ ծագումնաբանական ավանդույթների վերածնում, երիտասարդության շրջանում հարազատ ժողովրդի պատմության, ծագումնաբանության և պատմաերկրագիտության ուսումնասիրության մասսայականացում.
  • գիտության և մշակույթի բնագավառում սոցիալական կարևոր նշանակություն ունեցող նախագծի իրականացում` տարածքային կառավարման մարմինների և պետական կրթական ու մշակութային հաստատությունների հետ համագործակցությամբ.
  • ազգակցական կապերի ամրապնդում.
  • հանրապետությունից դուրս գտնվող արցախցիների հետ կապերի ամրապնդում: 

3. Մրցույթի կազմակերպիչը

  • ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն.
  • ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոն».
  • Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին:

4. Մրցույթի կազմկոմիտեն

  • կազմավորվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով.
  • իրականացնում է մրցույթի ընդհանուր ղեկավարումը.
  • զբաղվում է մրցույթի նախապատրաստական, կազմակերպչական, գովազդման և ԶԼՄ-ներում լուսաբանման  հարցերով. 
  • առաջարկություն է ներկայացնում նախարարին՝ մրցույթի գնահատող հանձնախմբի ստեղծման վերաբերյալ.
  • անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ է մտցնում սույն կարգի մեջ:

5. Մրցույթի գնահատող հանձնախումբը

  • կազմավորվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով.
  • ուսումնասիրում և փակ քվեարկությամբ գնահատում է մրցույթին ներկայացված աշխատանքները՝ 10 բալանոց սանդղակով.
  • սահմանում է մրցանակային ֆոնդը.
  • անհրաժեշտության դեպքում կարող է մրցանակները կիսել կամ չշնորհել, ինչպես նաև` սահմանել խրախուսական մրցանակներ:

6. Մրցույթի անցկացման պայմանները

  • մրցույթն անց է կացվում 1 փուլով.
  • մասնակիցների տարիքային սահմանափակում չկա.
  • մրցույթին ներկայացվում են սեփական տոհմի ծագումնաբանական հետազոտություններին նվիրված աշխատանքներ` առնվազն 150 տարվա պատմությամբ.
  • աշխատանքները պետք է կազմվեն ձեռագիր կամ էլեկտրոնային տեսքով (համակարգչային ծրագրերի կիրառմամբ) և ներկայացվեն թղթային տարբերակով (նկարված կամ տպագրված) ու էլեկտրոնային կրիչով. 
  • աշխատանքները պետք է ուղեկցվեն տոհմի պատմության տեքստային նկարագրությամբ, տոհմի ներկայացուցիչների, նրանց բնակության վայրերի  հին լուսանկարներով կամ դրանց պատճեններով և այլ վկայագրերով, իսկ տոհմի առանձին անդամների ծննդյան, ամուսնության և մահվան հայտնի  տարեթվերի համար հետգրություններում պետք է նշվեն տեղեկության աղբյուրի հղումները (բանավոր պատմվածք, ընտանեկան արխիվի փաստաթղթեր, գրքի էջեր, հոդվածներ, արխիվային կոդ, արձանագրությունների պատճեններ կամ լուսանկարներ).
  • ներկայացվող աշխատանքի փաստական ճշգրտությունը պետք է հավաստել  համապատասխան աղբյուրագիտական հղումներով.
  • ներկայացվող աշխատանքը չպետք է վաղօրոք հրատարկված լինի իբրև գիրք կամ այլ ուսումնասիրություն.
  • արտագրության կամ գրագողության դեպքում աշխատանքները չեն գնահատվի, իսկ տվյալ մասնակիցները կզրկվեն հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունքից.
  • նախորդ մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն իրավունք չունեն մասնակցելու սույն մրցույթին.
  • նախորդ մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքները չեն կարող այլ անձանց կողմից կրկին ներկայացվել. 
  • մրցույթին ներկայացված ուսումնասիրության լեզուն պետք է լինի հայերեն.
  • կազմակերպիչներին իրավունք է վերապահվում աշխատանքներն օգտագործել գովազդման և մրցույթի մասսայականացման նպատակներով:

7. Հայտերի ընդունման կարգը

Մասնակցության հայտերը ներկայացնել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին (ք. Շուշի, Հախումյան 28)՝ մինչև ս. թ. հունիսի 1-ը, իսկ պատրաստի աշխատանքները՝ մինչև նոյեմբերի 1-ը: Էլեկտրոնային տարբերակով կատարված աշխատանքներն ուղարկել culture@mc.am էլ. հասցեին կամ ներկայացնել թվային կրիչով (CD, DVD, flash-սկավառակ): 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ս. թ. դեկտեմբերին՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում (ԼՂՀ, ք. Շուշի, Մ. Հախումյան 28):

Արդյունքների ամփոփումից հետո աշխատանքները կվերադարձվեն: 

8. Արդյունքների ամփոփումը

Աշխատանքները քննելիս հաշվի կառնվեն վերջիններիս ճշգրտությունը, արժանահավատությունը, գրագիտությունը, գեղագիտությունը, ոճը, մրցույթի թեմատիկային համապատասխան լինելը, աշխատանքի գեղարվեստական և ստեղծագործական ձևավորումը, տոհմի հետազոտության խորությունը, օգտագործված նյութերի լայնությունը, կազմկոմիտեի պահանջների կատարումը:

Մրցույթի հաղթողները կորոշվեն գնահատող հանձնախմբի բոլոր անդամների կողմից տրված գնահատականների հանրագումարով: 

Հավելյալ տեղեկությունների ու պարզաբանումների համար զանգահարել 

(047) 73-38-98 հեռախոսահամարով: