ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արծաթագործական արվեստի զարգացման ծրագիր – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արծաթագործական արվեստի զարգացման ծրագիր

Արծաթագործական արվեստի զարգացման ծրագիր

  1. Ներածություն

Կան արհեստի ու արվեստի բազմապիսի ճյուղեր, որոնք իրենց մեջ գրեթե միշտ կրել են ժողովրդական անպաճույճ, մշակույթի ու պատմության համար անգնահատելի ստեղծագործական ավանդույթներն ու հմտությունները:

Գեղարվեստական մետաղագործությունը կիրառական արվեստի գլխավոր                    ճյուղերից է: Արծաթագործական ու ոսկերչական արվեստի մեջ դարերի ընթացքում պահպանվել են ժողովրդի ստեղծագործության վառ երևակայությունը, ավանդները, վարպետությունը, որոնք ժամանակի ընթացքում կրել են փոփոխություններ, նորամուծություններ: Գեղեցիկի զգացումը,  կյանքի գեղարվեստական պահանջը նպաստել են արտադրելու շքեղ զարդեր ու զարդարանքներ: Հայկական գեղարվեստական արտադրանքի ինքնուրույն ազգային ոճը, առանձնահատուկ տեխնիկան, արտադրանքի շքեղ տեսքը հիացրել են անգամ օտարներին: Ինչպես ցույց են տալիս հնագիտական պեղումները, ազգագրական նյութերն ու գրական աղբյուրները, Հայաստանի վարպետները վաղուց էին ծանոթ կռելու,  կոփելու, ձուլելու, հղկելու արվեստին: Հայ մատենագիտության մեջ կան բազմաթիվ վկայություններ մետաղական գեղարվեստական արտադրության` արծաթագործության մասին: Ղազար Փարպեցին զարդեր ստեղծող վարպետներին   անվանել է  «արուեստող ձեռաց»:  Հայ վարպետները պատրաստել են արծաթե թագեր, խույրեր, գավազաններ, մասունքների պահարաններ, ջահեր, աշտանակներ, ձեռագրերի կազմեր,  կահ-կարասիներ, երաժշտական գործիքներ, զենքեր,  զրահներ, գոտիներ, ականջօղեր, ճակատնոցներ և այլ  իրեր: 

Արծաթագործության ու ոսկերչության տեսակետից Հայաստանի մի շարք շրջանների հետ հայտնի էր նաև Սյունիք-Արցախի գեղարվեստական արտադրանքը, իսկ Շուշին արծաթագործության կարևոր կենտրոններից մեկն է համարվել: Արցախի զարդերը իրենց բնույթով ու տեսակով այլ են, կապված տարազի հետ, իսկ կանանց գլխի զարդ-կեռիկները ոսկերչության ու արծաթագործության շքեղ զարդերից  են:

  1. Իրավիճակի նկարագրություն

Արցախում ներկայումս կան արծաթագործությամբ զբաղվող վարպետներ, ովքեր ունեն իրենց առանձին աշակերտները, բայց չկա խմբակային ուսուցում իրականացնող որևէ կենտրոն: Արցախում պատվիրում, կրում, գործածում են արծաթյա զարդեր, գեղարվեստական արտադրանք և արծաթագործական արվեստի տարածման, զարգացման,  ինչպես նաև ազգային ոճով ներկայացման անհրաժեշտությունը ակնհայտ է:

  1. Նպատակը
  • արծաթագործական  արվեստի զարգացում, ազգային ոճի պահպանում և փոխանցում սերունդներին.
  • ազգային ոճով գեղարվեստական արտադրանքի ապահովում,
  • գեղագիտական դաստիարակություն, ստեղծագործական ունակությունների զարգացում, ճաշակի ձևավորում.
  • ազգային ավանդական մշակույթի հանդեպ հարգանքի և հոգածության վեաբերմունքի արմատավորում.
  • մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի ապահովում.
  • երկրամաս այցելող զբոսաշրջիկների շրջանում հայկական մշակույթի քարոզում:
  1. Խնդիրները
  • անհրաժեշտ սարքավորումների, գործիքների, պարագաների և հումքի ձեռքբերում:
  • հայկական զարդանախշերի, զարդապատկերների, մանրանկարչության և պատկերազարդումների հավաքագրում.
  • արծաթագործ վարպետների հայտնաբերում, վերապատրաստում և վերաորակավորում.
  • վարպետների միջև համագործակցության ապահովում.
  • նոր մասնագետներով համալրում.
  • արծաթե գեղարվեստական իրերի արտադրանքի ապահովում  և նպատակային իրացում.
  1. Ակնկալվող արդյունքները
  • Առաջադրված խնդիրների լուծման արդյունքում նոր շունչ կհաղորդվի ավանդական արծաթագործական արվեստին.
  • աճող սերնդի մոտ կձևավորվի ու կարմատավորվի ազգային ավանդական մշակույթի հանդեպ հարգանք և հոգածություն.
  • կստեղծվի  մասնագիտական կողմնորոշման հնարավորություն,
  • արծաթագործական արվեստը կուսուցանվի և կմատուցվի ազգային ճիշտ մոտեցմամբ.
  • ոլորտը կհամալրվի վերապատրաստված և համապատասխան որակավորում ստացած նոր մասնագետներով և վարպետներով.
  • հնարավորություն կստեղծվի իրականացնել համապատասխան չափանիշներով  արծաթագործ աշխատանքների արտադրանք և արտահանում` քարոզելով ու տարածելով հայկական ավանդական արծաթագործ արվեստն ինչպես Արցախում, այնպես էլ Արցախից դուրս: