ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ազգային պար» – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ազգային պար»

Կ Ա Ր Գ

«Ազգային պար» 

երկրորդ մրցույթի  անցկացման

  1. Մրցույթի պատմությունը

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում 2014 թվականին անց է կացվել ԼՂՀ դպրոցների միջև «Ազգային պար» մրցույթ-օլիմպիադան`  «Փափուռի», «Սասնա քոչարի» և «Յարխուշտա» անվանակարգերով, որին մասնակցել են մայրաքաղաքի 6 և ԼՂՀ շրջանների 17 թիմեր` 300-ից ավելի պարողներով: 

Գնահատող հանձնախմբի որոշմամբ լավագույն ելույթներն արժանացել են համապատասխան մրցանակների:

2. Մրցույթի նպատակները

  • մատաղ սերնդի շրջանում ազգային պարերի  ուսուցման խրախուսում.
  • ազգային պարերի  տարածում ու պահպանում.
  • ազգային պարերի, դրանց բնույթի և նշանակության վերաբերյալ գիտելիքների զարգացում.
  • ազգային գաղափարախոսության քարոզչություն.
  • ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային ինքնության պահպանում.
  • տեղական ինքնակառավարման մարմինների, մշակութակրթական հաստատությունների, կազմակերպությունների ներգրավում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներին:

3. Մրցույթի կազմկոմիտեն

  • կազմավորվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով.
  • իրականացնում է մրցույթի ընդհանուր ղեկավարումը.
  • զբաղվում է մրցույթի նախապատրաստական, կազմակերպչական, գովազդման և ԶԼՄ-ներում լուսաբանման  հարցերով. 
  • առաջարկություն է ներկայացնում նախարարին՝ մրցույթի գնահատող հանձնախմբի ստեղծման վերաբերյալ.
  • անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ է մտցնում սույն կարգի մեջ:

4. Մրցույթի գնահատող հանձնախումբը

  • կազմավորվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով.
  • ուսումնասիրում և փակ քվեարկությամբ գնահատում է մրցույթին ներկայացված ելույթները՝ 10 բալանոց սանդղակով.
  • սահմանում է մրցանակային ֆոնդը.
  • անհրաժեշտության դեպքում կարող է մրցանակները կիսել կամ չշնորհել, ինչպես նաև` սահմանել խրախուսական մրցանակներ:

5. Մրցույթի անցկացման պայմանները

  • մրցույթն անց է կացվում 1 փուլով` 3 անվանակարգերով. 
  • «Փափուռի»,
  • «Սասնա քոչարի»,
  • «Յարխուշտա» (տղաների կատարմամբ).
  • անվանակարգերում մրցույթն անցկացվում է 2 կարգով.
  • Ա կարգ` Ստեփանակերտի դպրոցներ և արվեստի դպրոցներ ունեցող համայնքների պարախմբեր.
  • Բ  կարգ` ինքնագործ պարախմբեր.
  • մասնակիցների տարիքային սահմանափակում չկա.
  • նախորդ մրցույթում առաջին մրցանակային տեղեր զբաղեցրած պարախմբերը սույն մրցույթին մասնակցելու իրավունք չունեն.
  • պարախմբերը պետք է կազմված լինեն առնվազն 8 մասնակիցներից.
  • «Գյովնդ-Վերվերի» պարը արտամրցույթային է, բոլոր պարախմբերը եզրափակիչ համերգի ժամանակ պետք է պարեն միասին.
  • մրցութային ծրագիրն իրականացնում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը` ԼՂՀ շրջանների վարչակազմերի աշխատակազմերի համապատասխան բաժինների և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի աջակցությամբ:

6. Հայտերի ընդունման կարգը

Մասնակցության հայտերը ներկայացնել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին՝ մինչև ս. թ. ապրիլի 1-ը: 

Մրցույթը տեղի կունենա ս. թ. ապրիլին՝ ք. Ստեփանակերտում:

7. Արդյունքների ամփոփումը

Ա և Բ կարգերում մրցույթի հաղթողներ կճանաչվեն 3 անվանակարգերում ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած պարախմբերը:

Ա և Բ կարգերի «Փափուռի», «Սասնա քոչարի» և «Յարխուշտա» անվանակարգերում առավելագույն միավորներ հավաքած պարախմբերը կճանաչվեն լավագույն պարախմբեր:

(Պարերի գնահատման չափանիշները տե’ս հավելվածում)

Հավելյալ տեղեկությունների ու պարզաբանումների համար զանգահարել 

(047) 73-38-98 հեռախոսահամարով:

հ ա վ ե լ վ ա ծ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

1. Փափուռի

Դանդաղ մասը պարելիս պարողները պետք է ճիշտ կատարեն պարաքայլերը, զսպանակները` ոտնաթաթերի օգնությամբ (այլ ոչ թե ծնկային զսպանակների): Զսպանակներ կատարելիս ոտնաթաթերը չպետք է կտրվեն գետնից և չպետք է վերածվեն թռիչքների: Պարողները պետք է ապահովեն զսպանակների անընդհատությունը բոլոր պարաքայլերի (հաշիվների) ժամանակ: Հարվածները գետնին պետք է կատարվեն կրունկով:

Ի տարբերություն դանդաղ մասի, արագ մասում պարողները բոլոր պարաքայլերը (հաշիվները) պետք է կատարեն թռիչքներով, հարվածները՝ կրունկով, ինչպես դանդաղ մասի ժամանակ: Երկու մասերում էլ ձեռքերի բռնվածքն ուսերից է: 

Ժյուրին կարևորություն է տալու դանդաղ մասից արագ մասի անցման սահունությանը, զսպանակների ճիշտ կատարմանը՝ դանդաղ մասի ժամանակ, թռիչքների առկայությանը՝ արագ մասը պարելիս: Կարևորություն է տրվելու նաև մուտք-ավարտի կատարման հստակությանը, ծափերի առկայությանն ու կատարմանը, բեմական կեցվածքին, բեմադրական լուծումներին, ինչպես նաև տվյալ պարի բնույթին համապատասխանող տրամադրության, ոգու, հոգեվիճակի առկայությանը:

2. Սասնա Քոչարի (Մշո ղռ)

Տեղում պարելիս ոտքերը լինում են բացված՝ ուսերի լայնությամբ: Մարմնի ծանրությունը տեղափոխելով ձախ ոտքի վրա կատարվում է երկու զսպանակ՝ մեծ չափով, այնուհետև ծանրությունը տեղափոխվում է աջ ոտքի վրա և կատարվում երկու (համեմատաբար) փոքր-արագ զսպանակներ: Վերադառնալով ձախ ոտքի վրա՝ կատարվում է արդեն մեկ մեծ զսպանակ, ապա, կրկին տեխափոխվելով աջ ոտքի վրա, կատարվում է երեք մանր-արագ զսպանակներ: Մեկ պարային նախադասությունը այսքանն է: Պարի ընթացքում բոլոր զսպանակները, որոնք կատարվում են ձախ ոտքի վրա, կատարվում են համեմատաբար խոշոր չափով և համեմատաբար դանդաղ, իսկ բոլոր զսպանակները, որոնք կատարվում են աջ ոտքի վրա, կատարվում են համեմատաբար փոքր չափով և համեմատաբար արագ: 

Միմյանց ձեռքերը բռնում են ափերով՝ «խաչված»:

Ժյուրին կարևորություն է տալու մարմնի ծանրության ճիշտ բախշմանը, ծանրության տեղափոխմանը մի ոտքից մյուս ոտք, իմպրովիզների առկայությանն ու կատարմանը, մուտք-ավարտի հստակությանը, բեմական կեցվածքին, բեմադրական լուծումներին, ինչպես նաև տվյալ պարի ռազմական բնույթին համապատասխանող տրամադրության, ոգու, հոգեվիճակի առկայությանը:

3. Յարխուշտա

Պարողները պետք է ուշադրություն դարձնեն պարաքայլերի ճշգրտությանը, զսպանակների ճիշտ կատարմանը, ծափերին, հարվածներին: 

Ժյուրին կարևորություն է տալու պարի կատարողական և բեմադրական լուծումների ինքնատիպությանը, համաչափությանը, մուտք-ավարտի հստակությանը, բեմական կեցվածքին, ինչպես նաև պարի ռազմական բնույթին համապատասխանող տրամադրության, ոգու, հոգեվիճակի առկայությանը:

(Ցանկության դեպքում խմբերը կարող են «Սասնա Քոչարի» և «Յարխուշտա» պարերը ներկայացնել մեկ ընդհանուր համարով, սակայն պարերը գնահատվելու են առանձին-առանձին և խմբին բերելու են առանձին միավորներ):

Գյովնդ-Վերվերի (արտամրցույթային)

(Երկու գնալ, մեկ դառնալ պարաձև)

 «Գյովնդ» պարի ժամանակ մասնակիցները պետք է ճիշտ կատարեն պարաքայլերը՝ ապահովելով «երկու գնալ մեկ դառնալ» պարաձևը, զսպանակները կատարեն ի հաշիվ ծնկածալերի, (ոտնաթաթերի միջոցով զսպանակ չպետք է կատարվի, հենարան ոտքի կրունկը չպետք է կտրվի հատակից),  պետք է ճիշտ բախշեն մարմնի ծանրությունը ոտքերին. («հենարան ոտք», «կցորդ քայլ», «խաղացող ոտք»), ինչպես նաև ճիշտ կատարեն ձեռքերի բռնվածքն ու դիրքը: (Ձեռքերը պետք է բռնեն ճկույթներով, արմունկները պետք է կազմեն 90 աստիճան և միմյանց արմունկների միջև հեռավորությունը պետք է լինի մեկ բռունցքի չափ):

Շարունակելով պարը՝ միջին հատվածում, «Վերվերի» պարի դանդաղ մասը պարելիս, մասնակիցները պետք է ապահովեն պարաքայլերի ճշգրտությունը, (այդ թվում «երկու գնալ մեկ դառնալ» սկզբունքը), զսպանակները պետք է կատարվեն ի հաշիվ ոտնաթաթերի աշխատանքի՝ առանց թռիչքների վերածվելու և ապահովեն «հենարան ոտք»,  «խաղացող ոտքերի» ճշգրտությունը, ինչպես նաև ձեռքերի բռնվածքը, դիրքը և շարժը: (Ձեռքերը շարունակում ենք բռնել ճկույթներով, սակայն արմունկները բացում ենք ներքև, թևերը լինում են ուղիղ):

Պարի ամենաարագ մասում մասնակիցները պետք է ապահովեն պարաքայլի ճշգրտությունը (կրկին «երկու գնալ մեկ դառնալ» պարաձև՝ թռիչքներով), զսպանակները կատարեն ի հաշիվ ոտնաթաթերի աշխատանքի՝ վերածելով թռիչքների, ապահովեն հենարանների ճշգրտությունը և ապահովեն ձեռքերի դիրքի, բռնվածքի ճշգրտությունը: (Այս մասում թևերը բռնում են միմյանց ուսերից)

Կարևորվում է պարի 3 մասերի անցումների սահուն կատարումը: