ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան

Ց Ա Ն Կ

պահանջվող տվյալների

ԼՂՀ, ք. Ասկերան, Ն. Ստեփանյան 14, հեռ.՝ (097) 26-77-13, վեբկայքի հասցե՝ չկա, էլեկտրոնային փոստի հասցե՝ չկա:

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանը գործում է 1996 թվականից: Թանգարանը տեղակայված է Ասկերանի շրջվարչակազմի շենքում:

2004 թ. հունվարից ԼՂՀ կառավարության որոշման համաձայն՝ Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանը վերանվանվել է «Ասկերանի պամաերկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

ԼՂՀ կառավարության 2008 թ. դեկտեմբերի 1-ի թիվ 849 որոշմամբ լուծարվել է և ստեղծվել «Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի Ասկերանի մասնաճյուղը:

Թանգարանը Արցախի մշակութային և գիտական օջախներից է: Թանգարանում պահվում են հայ ժողովրդի և նրա արցախյան հատվածի նյութական ու հոգևոր մշակույթի բազմաթիվ արժեքներ, որոնք կարևոր  նշանակություն ունեն Արցախի պատմության, ազգագրության, մշակույթի տարբեր բնագավառների ուսումնասիրության և ցուցադրության համար: 

Հավաքչական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել և խնամքով պահպանվում են 400 ցուցանմուշներ: Հիմնականում աշխատանքներ են ընթացել Հայրենական Մեծ պատերազմն ու Արցախյան գոյամարտն արտացոլող նյութերի ձևավորման ուղղությամբ՝ վիճակագրական տվյալներ, ֆոտոալբոմներ, կենսագրական տվյալներ: Թանգարանում պահվում են Ասկերանի շրջանի գյուղերի պատմաաշխարհագրական բնութագրությունները, վաստակաշատ մանկավարժների, պետական, հասարակական ակնառու գործիչների անձնական գործերը, Արցախի պատմության վերաբերյալ երկրագիտական և ազգագրական նյութեր:

Թանգարանը բաղկացած է երկու բաժիններից.

  1. Ռազմարվեստի
  2. Հնագիտության և ազգագրության:

Ռազմարվեստի բաժնում տեղադրված են Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վերաբերյալ գիտական աշխատություններ, գրքեր, լուսանկարներ, զոհված ազատամարտիկների, ինչպես նաև ռազմագործողությունների ակտիվ մասնակիցների անձնական գործեր, արխիվային փաստաթղթեր, ակնարկներ, հուշագրություններ:

Հնագիտության և ազգագրության բաժնում տեղադրված են երկրագիտական ու ազգագրական բնույթի նյութեր, Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների և գյուղերի լուսանկարներ, հայոց պատմությանն ու մշակույթին վերաբերող գրքեր, լուսանկարներ:

Թանգարանի զբաղեցրած երկու սենյակների ընդհանուր մակերեսը 72 մ2 է: Ունի 2 սրահ.

  • Ռազմարվեստի
  • Հնագիտության և ազգագրության:

Թանգարանի առաջին ցուցանմուշը

Երկանք (քար), XVIII դարի վերջ: Հայտնաբերվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի վարչական տարածքում, բնակիչներից մեկի տնամերձ հողամասում: Որպես ցուցանմուշ նվիրվել է թանգարանին 1997 թ. հունվարի 26-ին:

Թանգարանի գլխավոր ցուցանմուշները

Սանդերք (փայտ, երկաթ), XIX դարի կեսեր: Հայտնաբերվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի տարածքում՝ գյուղացիների կողմից: Որպես ցուցանմուշ նվիրվել է թանգարանին 1997 թ. փետրվարի 2-ին:

Կարաս (կավ), XVIII դարի վերջ: Հայտնաբերվել է Ասկերան քաղաքում: Երկար ժամանակ օգտագործվել է գյուղմթերքներ և գինի պահպանելու նպատակով: Որպես ցուցանմուշ նվիրվել է թանգարանին 1997 թ. փետրվարի 16-ին:

Պնակ (կավ), XVIII դարի վերջ: Հայտնաբերվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի տարածքում: Երկար ժամանակ կենցաղային նպատակներով օգտագործվել է: Որպես ցուցանմուշ նվիրվել է թանգարանին 2003 թ. դեկտեմբերի 12-ին:

Թեյնիկ (կավ), XVIII դարի վերջ: Հայտնաբերվել է Ակերան քաղաքում: Որպես ցուցանմուշ նվիրվել է թանգարանին 2004 թ. մարտի 2-ին:

Գոտու ճարմանդ (արծաթ): Որպես ցուցանմուշ նվիրվել է ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից 2006 թ. հունվարի 23-ին:

Երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00: Մուտքն անվճար է: