ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԲՈՎՈՒՐԽԱՆԻ ՎԱՆՔ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԲՈՎՈՒՐԽԱՆԻ ՎԱՆՔ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԲՈՎՈՒՐԽԱՆԻ ՎԱՆՔ

Ընդհանուր տեղեկություններ

Գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Բովուրխան լեռան հյուսիսային լանջին: Այն հիմնել է Շախնազարյանների իշխանական տոհմի նշանավոր մելիք` Վարանդայի իշխան Բաղրը: Նա իշխել է XVIIդ. առաջին կեսին մինչև 1646թ.: Սարը և վանք-ամրոցը մելիքի անունով կոչվել է Բաղրխան: Անվանումը հետագայում վերափոխվել և դարձել է Բուրուխան, Բովրխան, Բովուրխան:

 Բովուրխանավանքի վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, տնտեսական շինություններից, որոնք շրջապատված են պարիսպներով և աշտարակներով: Կառույցների մեծ մասը քանդված է: Արևելյան մասում տեղակայված եկեղեցին համեմատաբար լավ է պահպանվել: Այն պատկանում է թաղածածկ միանավ բազիլիկների տիպին:

Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ եկեղեցին կառուցվել էր XVIIդ.:

Վանքային համալիրում պարիսպը ընդգրկում է 40×18,5մ մակերեսով տարածք: Ամրոցը ունեցել է ջրմուղ և դեպի Ննգի գյուղը տանող գաղտնուղի:

Բովրխան լեռան ստորոտում գտնվում են վանքի աղբյուրը և ամրոցի պաշտպանական համակարգի մեջ մտնող չորս դիտակետ, Լեռի-խաչ և Անահիտ մատուռները:

Բովուրխանը հանդիսանում էր պաշտամունքային կենտրոն և Վարանդայի մելիքության ամառային նստավայրը: Բացի դրանից, XVIIIդ. առաջին կեսին այստեղ տեղակայված էր Քարքարի կայազորը:

Ընդգրկված է Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ծրագիրն իրականացնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը՝  ԱՀ պաշտպանության բանակի հետ համատեղ:

Ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի ձևավորել երիտասարդության արժեքային կողմնորոշման դրական դաշտ, նպաստել երիտասարդության ռազմահայրենասիրական, հոգևոր-մշակութային, առողջ ապրելակերպի  դաստիարակությանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, երիտասարդության ազգային ինքնության պահպանմանը, ազգային և քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացման գործընթացի շարունակական զարգացմանը:

Ուխտագնացությունը հայ մարդու անհատական կամ հավաքական կյանքի հոգևոր դաստիարակման լավագույն միջոցառումներից է, որը դեպի հոգևոր վերածնունդ տանող ճանապարհն է:

Ուխտագնացությունների միջոցով քրիստոնյան հաղորդվում է անցյալի սրբազան ժառանգության հետ և դրանով իսկ կապ հաստատում ապագայի հետ, քանզի առանց անցյալի հետ կենդանի կապի անիմաստ է ապագայի հետ շփում ստեղծելու փորձը:

Այսինքն, ուխտավորը հավատքով և իմաստությամբ առլեցուն այն անձն է, որը քաջ գիտակցում է իր անկատարելությունն ու մեղանչականությունը և պահանջ է զգում Աստծու և սրբությունների հետ հաղորդակցվելով ոչ միայն հագեցնել իր հոգեկան ծարավը, իմաստավորել իր կյանքը, այլև զորություն ստանալ Սուրբ վայրից՝ դիմակայելու գալիք փորձությունները:

Ծրագրի իրականացման ժամկետը 

Ծրագիրն իրականացվում է 2021 թվականի հունիսի 19-ին:

Մեկնումը՝ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի  անվան մշակույթի կենտրոնի տարածքից, ժամը 9:30-ին:

Վերադարձը՝  ժամը 18:00-ին:

Ծրագրի մասնակիցները

Ծրագրին կմասնակցեն թվով 100 երիտասարդ-ուխտավորներ՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, կամավորականներ, զինվորներ:

Ուխտագնացության մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու մշակութաժամանցային ծրագրին, հոգևոր  և  պատմամշակութային թեմայով զրույցների, տարածքի մաքրման աշխատանքներին: