ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

Հաստատված է 

ԱՀ կրթության, գիտության և ապորտի նախարարի 

հրամանով

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆ ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1․ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչությունը /այսուհետ՝ Տեսչություն/ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության /այսուհետ՝ Նախարարություն/ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում է պատասխանատվության միջոցներ Արցախի Հանրապետության լեզվական քաղաքականության բնագավառում։

2․ Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա հետագա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի հրամանով։

3․ Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին, նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան։

4․ Տեսչությունը գլխավորում է Տեսչության պետը, որին սահմանված կարգով պաշտոնի նշանակում և ազատում է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը։

5․ Տեսչության պետի բացակայության դեպքում, նրա նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն՝ այդ լիազորություններն իրականացնում է Տեսչության պատասխանատու մարմինը։

  1. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

6․ Տեսչության նպատակներն ու խնդիրները

ա/ Արցախի Հանրապետության լեզվի բնագավառում միասնական քաղաքականության իրականացումը․

բ/ §Լեզվի մասին» ԼՂՀ օրենքի և Արցախի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը․

գ/ Արցախի Հանրապետության պաշտոնական լեզվի՝ գրական հայերենի կանոնարկումը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովումը․

դ/ Արցախի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների ապահովումը։

  1. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

7․ Տեսչությունն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա/ վերահսկում է՝

  • Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացումը․
  • Պաշտոնատար անձանց և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից հայերենի տիրապետման պահանջի կատարումը․
  • Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության և հայոց լեզվի ուսուցման պարտադիր պահանջի կատարումը․
  • Ցուցակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդները հայերեն ձևավորելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք այլ լեզուներով զուգակցելու պահանջի կատարումը․
  • Օտարերկրյա պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների՝ պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով զուգակցելու պահանջի կատարումը․
  • Ազգային փոքրամասնությունների համայնքներում հայերենի պարտադիր ուսուցման՝ նրանց կազմակերպությունների փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները հայերեն ձևավորելու և դրանք իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ ապահովելու պահանջի կատարումը․
  • Գրական հայերենի կանոնարկմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարումը․

բ/ իրականացնում է՝

  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ Արցախի Հանրապետության օրենսգրքի համաձայն պատասխանատվության միջոցներ կիրառելու համար լեզվական օրենսդրության խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստումը և դատարան ներկայացնելը․
  • Քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկում․
  • Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համանման կազմակերպությունների հետ համագործակցություն, փոխադարձ այցելություններ և փորձի փոխանակում․
  • Լեզվական քաղաքականությանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցությունների, գիտաժողովների ու այլ միջոցառումների կազմակերպում։
  1. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

8․ Տեսչությունը կառավարում է նախարարը։ Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Տեսչության պետը, որին սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը։

9․Տեսչության պետը պատասխանատու է Արցախի Հանրապետության պետական լեզվական քաղաքականության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար։

10․ Տեսչության պետը հաշվետու է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարին, նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին։

11․ Տեսչության պետը՝

ա/ ղեկավարում է Տեսչության գործունեությունը, պատասխանատու է Տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար․

բ/ նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ․

գ/ նախարարության աշխատակազմի ղեկավարին իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ Տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ․

դ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը․

ե/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Տեսչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին․

զ/ Տեսչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվուրթյուններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ․

է/ աշխատակազմի ղեկավարին ըստ անհրաժեշտության ներկայացնում է առաջարկություններ՝ Տեսչության աշխատանքների մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ․

ը/ պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվության Տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին․

թ/ կատարում է աշխատանքի բաշխումն իր աշխատողների միջև․

ժ/ լսում է Տեսչության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները․

Ժա/ վերահսկողություն է իրականացնում Տեսչության օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ։

Ժբ/ նախարարին ներկայացնում է առաջարկություններ Տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ․

Ժգ/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ․

Ժդ/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

12․ Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղքացիական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։

  1. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

13․ Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով Տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։

14․ Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական աշխատողներ են։

  1. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

15․ Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով։