ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ

Հավելված N 13

ԼՂՀ կառավարության

«21» հունիսի 2011թ.

                                                                                                                                                                  N 410-Ն որոշման

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 14.10.2014 N 669-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը սահմանում է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման գործընթացը և կարգավորում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման ենթակա ծրագրեր իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում է, դադարեցնում կամ դադարեցման մասին դատարան դիմում է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):

3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են Նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 14.10.2014 N 669-Ն)

4. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեության լիցենզավորումը ուսումնական հաստատության հայտի հիման վրա իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

Լիցենզավորված անձանց, լիցենզիայի հետ միասին, տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մաս: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է Նախարարը:

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

6. Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հայտատուն ներկայացնում է հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) հայտ (ձև N 1), որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի (սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի հայտատուի կողմից հաշվարկվում է, հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.

2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկանք պրոֆեսորադասախոսական կազմի վերաբերյալ, որտեղ նշվում է պրոֆեսորադասախոսական կազմի անդամների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, գիտական աստիճանը կամ կոչումը, պաշտոնը, առարկան՝ որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), (ձև N 2).

4) տեղեկանք բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների, այդ թվում՝ լսարանային, լաբորատոր, արհեստանոցային, առարկայական կաբինետային, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիաների, օժանդակ (ձև N 3).

5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) (ձև N 4).

6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով՝ կլինիկական պրակտիկաների բազաներով ապահովվածության վերաբերյալ.

7) կրթական ծրագրերի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը.

8) սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզի պաշտպանության կարգերը.

9) տեղեկանք օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման պայմանների ապահովվածության վերաբերյալ (այդ թվում նախապատրաստական բաժինների, դեկանատների, կառուցվածքային այլ ստորաբաժանումների և համապատասխան մասնագետների առկայության վերաբերյալ).

10) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:

Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ կետը լրաց. 14.10.2014 N 669-Ն)

7. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

8. Լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմաններն են՝

1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով`

ա. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը պետք է հանդիսանա հիմնական աշխատավայր.

բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 50%-ը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների), այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը.

գ. ուսումնական հաստատությունում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք ունեն դասավանդվող դասընթացի ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով, նույն կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների վարման համար, պետք է ներգրավված լինեն գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների) կամ համապատասխան գործունեության ոլորտում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող գիտամանկավարժական կադրեր.

դ. ուսումնական հաստատությունում մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովի գիտամանկավարժական կադրերով, որոնք ունեն գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում կամ դասընթացների ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով և համապատասխան գործունեության ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների).

3) ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության պահանջի մասով՝

ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիայի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու մասին» N 274 որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) հաստատող փաստաթղթերի, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով՝ կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը.

բ. լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի սարքերով, սարքավորումներով,նյութերով, գույքով հագեցվածության համապատասխանությունը Նախարարի հրամանով հաստատած չափաքանակների պահանջներին.

գ. բժշկական մասնագիտությունների գծով՝

ամբիոնները պետք է ունենան տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածություն. անատոմիայի ամբիոնում պարտադիր է ունենալ նաև սեկցիոն սենյակ և դիակային նյութեր՝ կմախքներ, ոսկրեր, թաց պրեպարատներ, կաղապարվածքներ (մուլյաժներ), իսկ դատական բժշկության և ախտաբանական անատոմիայի ամբիոնների համար՝ նաև դիահերձարաններ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի N 281 որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, իսկ սեփականը չունենալու դեպքում՝ քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված կարգով), համաձայն տվյալ առարկայի ծրագրի՝ համապատասխան ամբիոններում (կենսաբանության, հյուսվածքաբանության, ախտաբանական անատոմիայի, մանրէաբանության և այլն) ուսումնական խմբի առնվազն 2 ուսանողին պետք է հատկացվի մեկ մանրադիտակ, հյուսվածաբանության ամբիոնում՝ համապատասխան միկրոպրեպարատների, իսկ ախտաբանական անատոմիայի ամբիոնում՝ համապատասխան մակրո և միկրոպրեպարատների հավաքածուներ, դեղագործության կառավարում առարկայից. դասասենյակ՝ դեղատան մակետով (կահավորված դեղատան նման), ֆարմակոգնոզիա առարկայից՝ յուրաքանչյուրին 1 մանրադիտակ, դասասենյակ՝ 1 գազահեղուկային քրոմատոգրաֆով, բոլոր մասնագիտական ամբիոններում պարտադիր է ունենալ առնվազն 2 ուսումնական լաբորատոր սենյակներ, ստոմատոլոգիական ամբիոն հաճախող խմբերի յուրաքանչյուր 3-4 ուսանողի պետք է տրամադրվի մեկ ստոմատոլոգիական բազկաթոռ, իսկ բուժական ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանողի՝ տվյալ կլինիկական բաժանմունքում՝ 1-2 մահճակալ.

4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության՝

ա. ըստ կրթության ձևի, ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը բարձրագույն մասնագիտական կրթական պետական ընդհանուր և մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջներին.

բ. սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզի պաշտպանության կարգերի համապատասխանությունը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին.

գ. օտարերկրյա քաղաքացիների ուսուցումը (այդ թվում՝ նախապատրաստական բաժիններում) նախատեսված է հաստատության կանոնադրությամբ և ուսուցման կարգի համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կարգին.

5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով՝ ուսումնական հաստատությունում իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մեկ ուսանողի հաշվարկով ոչ պակաս, քան 0,5-ական օրինակ դասագիրք, գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ինչպես նաև ցուցադրական, աուդիո-վիդեո, մուլտիմեդիա նյութերով,

6) ուսումնաարտադրական կամ կլինիկական պրակտիկայի բազայի մասով՝ բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների քանակի նշումով) առկայությունը.

7) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը, եթե այդ գործունեության մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն, պարտադիր է:

(8-րդ կետը լրաց. 14.10.2014 N 669-Ն)

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

9. Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

10. Օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը լիցենզավորված անձը ներկայացնում է նախարարություն:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐՍ. ԳՐԻԳՈՐՅԱՆ