ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է «Ասպետ» ռազմամարզական ճամբարը – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է «Ասպետ» ռազմամարզական ճամբարը

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Պաշտպանության բանակի աջակցությամբ հուլիսի 5-ին Այգեստանում մեկնարկել է «Ասպետ» ռազմամարզական ճամբարը: Այն պատանիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու, ռազմական գործի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակ ունի: 

Երեկ՝ հուլիսի 8-ին, ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, գերատեսչության ներկայացուցիչներ, զինվորականներ: «Մարդկային բոլոր գործերում ամենաանբասիրը հայրենիքը սիրելն է, հայրենիքին նվիրվելն է: Համոզված եմ՝ այն ձեր մեջ կա, բայց ավելի քան համոզված եմ, որ «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ընթացքում կրկնակի եք սիրելու մեր երկիրը, կրկնակի միասնական եք դառնալու, բռունցքվելու եք, դառնալու եք մեր դաշնակիցն ու հենարանը և այո, մերձենալու եք հայոց բանակին»,- ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը ելույթի իր խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:

Բացման արարողության մասնակիցները գնահատեցին ճամբարականների՝ վերջին օրերի ընթացքում յուրացրած ձեռնամարտի հնարքները, վայելեցին Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան համերգային ծրագիրը: 

Ռազմամարզական ճամբարն անցկացվելու է 3 հերթափոխով: Առաջին հերթափոխում ընդգրկված են մայրաքաղաքի դպոցների 10-րդ դասարանի աշակերտները և տեղահանված այն տասներորդցիներն, ովքեր սովորում են մայրաքաղաքի դպրոցներում: 2-րդ և 3-րդ փուլերին մասնակցելու են Մարտակերտի, Մարտունու շրջանների տասերորդ դասարանի աշակերտները:

Ճամբարում օրվա կարգացուցակը համապատասխանեցված է զինվորական ծառայության նորմերին, պատանիների ատիվ հանգիստը կազմակերպելու համար նախատեսվում են մի շարք միջոցառումներ, մարզական խաղեր, մրցույթներ, ձեռնամարտի և գործնական հրաձգության պարապմունքներ: Առաջիկա օրերին պատանիները կծանոթանան նաև ուժային կառույցների գործառութային առանձնահատկությունների հետ: