ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է «Արցախը մենք ենք» խորագրով նկարչության մրցույթ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է «Արցախը մենք ենք» խորագրով նկարչության մրցույթ

Այսօր՝ մայիսի 25-ին, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության ՆԶՊ և արտադպրոցական ծրագրերի վարչության արտադպրոցական ծրագրերի բաժնի նախաձեռնությամբ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անց է կացվել «Արցախը մենք ենք» խորագրով նկարչության մրցույթ:

Մասնակիցները հանրապետության մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հանրակրթական և արվեստի դպրոցների սաներն էին: Ամենամյա բնույթ կրող միջոցառումն այս տարի ձևաչափով փոքր-ինչ տարբերվում էր: Արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ եթե նախորդ տարիներին մասնակիցները նախապես նկարում և ուղարկում էին, ապա այս տարի դպրոցականները տեղում են ստեղծագործել:

«Արվեստը մանկուց է մարդու մեջ ներարկվում: Բնության տված շնորհքով և համապատասխան կրթօջախներում կատարելագործվելով՝ դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում: Հուսով եմ, որ նման առիթները դառնալու են շարունակական, նվաճելու եք նոր բարձունքներ: Մասնակցելով նաև ՀՀ և միջազգային մրցույթների՝ անպայման բարձր եք պահելու Արցախի անունը»,- ողջունելով մասնակիցներին՝ իր խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Արցախը մենք ենք» խորագրով նկարչության մրցույթում 9-12 տարեկանների տարիքային խմբում առաջին մրցանակային տեղն է զբաղեցրել Տիգրան Ղազարյանը (Ասկերանի արվեստի դպրոց), երկրորդ տեղում Վազգեն Սահակյանն է (Հադրութի արվեստի դպրոց), երրորդ մրցանակային տեղին արժանացել է Կարին Ոսկանյանը (Շուշիի արվեստի դպրոց):

13-16 տարեկանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Մանե Միրզոյանը (Ստեփանակերտի ՄՊՍԿ), երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Էլեն Դանիելյանը (Ստեփանակերտի ՄՊՍԿ), երրորդ տեղին արժանացել է Արմեն Պետրոսյանը (Ստեփանակերտի ՄՊՍԿ):

Տարբեր տարիքային խմբերում ինքնատիպ աշխատանքի համար խրախուսման են արժանացել Մանե Սարգսյանը (Ստեփանակերտի հ.10 հիմն. դպրոց) և Էլլադա Առուստամյանը (Ստեփանակերտի ՄՊՍԿ):

Մրցանակային տեղեր զբաղեցրած և ինքնատիպ աշխատանքներ ներկայացրած մասնակիցները պարգևատրվել են ԱՀ ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով և արժեքավոր նվերներով: