ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎՐԱ ԱՆԹՐՈՊՈԳԵՆ ՍԹՐԵՍԸ ՄԵԾԱՑԵԼ Է – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎՐԱ ԱՆԹՐՈՊՈԳԵՆ ՍԹՐԵՍԸ ՄԵԾԱՑԵԼ Է

ՀՀ Գիտության կոմիտեի՝ Արցախի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքում Արցախի գիտական կենտրոնում իրականացված գիտական հետազոտություններից մեկն էլ «Էկոլոգաերկրաքիմիական հետազոտություններ Արցախի տարածքում. Ստեփանակերտ քաղաքի փողոցային փոշու և դրա հետ ասոցացված պոտենցիալ տոքսիկ տարրերի մակարդակների գնահատումը՝ հետպատերազմյան շրջանում» վերտառությամբ գիտական թեման է, որի ղեկավարը տեխնիկական գիտությունների թեկնածու Քրիստինե Սարգսյանն է։ Թեմայի հետազոտության նպատակների և արդյունքների մասին պատմում է նա՝ Քրիստինե ՍԱՐԳՍՅԱՆԸ – 2011թ-ից Արցախի գիտական կենտրոնում, ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի հետ համատեղ, իրականացնում ենք «Էկոլոգաերկրաքիմիական հետազոտություններ Արցախի տարածքում» գիտական թեման։ Արդեն 5 գիտական նախագիծ ենք իրականացրել: 2021-2023թթ. ՀՀ գիտության կոմիտեի կողմից հայտարարված «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021» մրցույթի շրջանակում իրականացրել ենք «Ստեփանակերտ քաղաքի փողոցային փոշու և դրա հետ ասոցացված պոտենցիալ տոքսիկ տարրերի մակարդակների գնահատումը հետպատերազմյան շրջանում» գիտական թեման, որի նպատակն էր ուսումնասիրել Ստեփանակերտ քաղաքի փողոցային փոշու և դրա հետ ասոցացված պոտենցիալ տոքսիկ տարրերի (ՊՏՏ) մակարդակները՝ վեր հանելով էկոլոգիական և առողջական ռիսկերը, ինչպես նաև շարունակել Արցախում պատրաստել և վերապատրաստել համապատասխան մասնագետներ՝ նպաստելով գիտության զարգացմանը: Ստեփանակերտի տարածքում իրականացրել ենք փողոցային փոշու նմուշառման աշխատանքներ՝ համաձայն միջազգային և ազգային ստանդարտների պահանջների, մշակված ՍՕԸ-երի:

Ընդհանուր առմամբ նմուշառվել է 52 փողոցային փոշու նմուշ, ներառյալ ՈԱ/ՈՎ 4 կրկնանմուշ: Նմուշների նախնական մշակումն իրականացվել է Արցախի գիտական կենտրոնում, իսկ տարրալուծման աշխատանքները՝ Էկոկենտրոնի Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնում: Փոշում որոշվել են 17 ՊՏՏ-ի պարունակություններ, կազմվել են 90-ից ավելի քարտեզներ, ստեղծվել է տվյալների բազա, իրականացվել է էկոլոգաերկրաքիմիական և սանիտարահիգիենիկ ցուցանիշների հաշվարկում, առողջական ռիսկերի գնահատում: Ընդհանուր առմամբ երկրաքիմիական և սանիտարահիգիենիկ առումով քաղաքը աղտոտման թույլատրելի տիրույթներում է, որոշակի գերազանցումներով աչքի են ընկել Cr, Pb-ը, որոնք, եթե տարածքները նայենք, ապա կտեսնենք, որ առավելագույն պարունակությունները համընկնում են շինարարական փողոցին, ավտոտրանսպորտային կանգառների մոտ տարածքներին… Իրականացվել է նաև Ստեփանակերտ քաղաքի բնակչության առողջական ռիսկերի գնահատում՝ միջազգային ընդունված մեթոդներին համապատասխան: Մարդու առողջության հավանական ռիսկերի գնահատումն իրականացվել է ըստ քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին առողջական ռիսկերի, դիտարկելով առողջության ռիսկ առաջացնող 3 ուղիները՝ կլանման, շնչառական և մաշկային: Ոչ քաղցկեղածին առողջական ռիսկը գնահատվել է երեխաների և մեծահասակների համար առանձին- առանձին: Համաձայն ոչ քաղցկեղածին ռիսկի գնահատման արդյունքների, փոշու նմուշներում առանձին տարրերից մեծահասակների համար առողջական ռիսկ ոչ մի ուղուց չի գրանցվել: Երեխաների համար առանձին տարրերից ոչ քաղցկեղածին ռիսկ մաշկային և շնչառական ուղուց բացակայում էր, իսկ կլանման ուղուց թույլատրելի գերազանցումով առկա էր միայն Zn, Co և Fe առավելագույն պարունակությունների դեպքում: Քաղցկեղածին ռիսկի գնահատման արդյունքների համաձայն, փոշու ՊՏՏ-ի քաղցկեղածին միատարր առողջական ռիսկը շնչառական ուղուց առկա չէր: Կլանման և մաշկային ուղուց ցածր քաղցկեղածին ռիսկի գերազանցումով աչքի էր ընկնում Cr-ը: Իսկ բազմատարր քաղցկեղածին ռիսկ չի գրանցվել ոչ մի ուղու դեպքում: Սա գուցե օրինաչափ երևույթ է՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո Ստեփանակերտի բնակչությունն ավելացել է, որը նաև ենթադրում է շինարարության աճ, տրասպորտային ծարնաբեռնածության ավելացում, որն առաջին հերթին արտահայտվել է փողոցային փոշում որոշակի տարրերի պարունակությունների որոշակի բարձրացմամբ: Իրականում մենք փաստում ենք, որ այսօր հետպատերազմյան Ստեփանակերտի վրա անթրոպոգեն սթրեսը մեծացել է և շինարարության ժամանակ խիստ անհրաժեշտ է պահպանել բնապահպանական նորմերը, որպեսզի Ստեփանակերտը պահի իր ամենամաքուր քաղաքներից մեկի կարգավիճակը: